Էջ:Raffi, Collected works, vol. 5 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/397

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մոտ կիտած էր ցորյանի շեղջը։ Այնտեղ ջուլհակը իր գործած կտավն էր ծախում, իսկ ներկարարը իր ներկած կարմիր շիլան. այնտեղ չիթսասը, իր պատրաստած չիթերը փոխում էր քուրդի հետ և նրանից յուղ, պանիր ու բուրդ էր առնում, այնտեղ թափառական չինգանան պար էր ածում իր կապիկը և փարաներ էր հավաքում, իսկ քահանան մոտենում էր այս և այն ուտեստը ծախողին, մի պատառ վեր էր առնում, իր բերանն էր դնում, «համը տեսնելու» համար, և մի կտոր իր թաշկինակի մեջ էր դնում, տուն տանելու «նմուշի» համար։— Այդ բոլորը կատարվում էր կտուրների վրա, այդ օդային հրապարակում:

Ես ցած իջա կտուրներից, մտա նրանց տակ, ծածկված չարչին: Դա մի ամբողջ լաբիրինթոս էր, որ տարածվում էր դեպի զանազան կողմեր: Չարչիների աջ և ձախ կողմում, մինը մյուսի մոտ, շարքով ձգվում էին զանազան վաճառքներով լի կրպակներ, խանութներ, որոնք շինված էին քարից և փոքրիկ մատուռների նմանություն ունեին: Ծալապատիկ նստած էին վաճառականները մինդարների վրա և գնողներին, հաճոյական ձայներով ու խոսքերով, դեպի իրանց խանութն էին հրավիրում։ Առևտուրը իր ջերմ կենդանության մեջ էր: Բաղեշը իր շրջակա գավառների վաճառականական կենտրոնն է։ Նա հարաբերություն ունի Վանի, Կարինի, Բալվի, Բուլանխի, Տարոնի, Սգերգի, Ամիդի, մինչև անգամ Մուսուլի և Բաղդադի հետ։ Բամբակը ստանում է Պարսկաստանից, և իր մեջ արդյունագործելով,— չիթեր, կտավներ, շիլաներ պատրաստելով, լիացնում է իր շրջակա գավառները: Եվրոպական ապրանքներ նա ստանում է Կ. Պոլսից։ Վաճառականությունը գլխավորապես հայերի ձեռքումն է և նրանց նյութական վիճակը կարելի է բարվոք դրության մեջ համարել։ Բայց իմ ուշադրությունը գրավեցին մի քանի այլ երևույթներ։ Մի տեղ փոքրիկ աշակերտը, չոքած իր «ուստայի» առջև և գոց ժամագիրքը ձեռքում բռնած, իր «համարն» էր տալիս։ «Ուստան» երկաթյա արշինը ձեռքում, մի կողմից չափում էր կտավը և խոսում էր քրդի հետ, մյուս կողմից, նույն երկաթյա արշինով խփում էր փոքրիկ ուսանողի գլխին, որ իր սխալը ուղղե։ Մի այլ տեղ, խանութպանը դրել էր իր առջև Նյու-Յորքում տպած աշխարհաբար աստվածաշունչը, մի կողմից սակարկություններ էր անում իր գնողների հետ, մյուս կողմից վիճում էր մի քանի անձանց հետ, թե պահեցողությունը չէ կարող քավել մարդու մեղքերը։ Ես մոտեցա այդ վերջիններին: Չգիտեմ, ո՞րտեղից հայտնվեցավ այնտեղ և հաջի Իսաղը: Լսելով, թե վեճը ինչումն է, նա ասաց.