Էջ:Raffi, Collected works, vol. 5 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/399

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կոչված եկեղեցին պահում էր իր մեջ Հիսուս Քրիստոսի արյան շիթը․ նա այն աստիճան պաշտելի է, որ նրա անունով երդվում են մինչև անգամ մահմեդականները։ Այդքան հոգևոր հիմնարկություններից հետո, հաջի Իսաղը դարձյալ փողոցներում կրոնափոխություն է քարոզում: Ի՞նչ է դրա պատճառը...

Փողոցներում շրջում էին հայ կանայք։ Ամենքը, թե պառավ և թե մանկահասակ, իրանց գեղեցիկ և նուրբ կերպասներից կարված զգեստների վրա, հագած ունեին մի տգեղ, մինչև ոտները իջած շիլա շապիկ: Այդ արտաքին ծածկոցը նրա համար էր, որ նրանց նազելիությունը չգրավե մուսուլմանի վավաշոտ հայացքը։ Տղամարդիկ նույնպես վատ էին հագնված: Այստեղ, ինչպես միևնույնը Վանում ևս նկատեցի, հարուստները սովորություն ունեին իրանց հարստությունը ծածկել աղքատության կեղևի տակ: Ավելի թշվառ գտա ես երեխաներին, ոչ մեկի ոտներին ոտնամաններ չտեսա, թեև ոտնամանների ավելի պետք ունեին այդ ապառաժոտ, քարեղեն քաղաքում:

Ահա անցավ մի ամբողջ ասպախումբ։ Ամերիկացի կանայք, ձիաների վրա կողմնակի նստած, քարշ էին տալիս գետնից իրանց երկար զգեստները։ Նրանց տղամարդերի գլխարկների վրա քամուց ծածանվում էին շղարշյա սպիտակ փաթոթի բաց թողած ծայրերը։ Ասպախումբը անցավ, որպես մի սրընթաց մրրիկ։ Մի քանի ձիավորներ, տեղային հագուստով, առջևից արշավելով, ետ էին մղում բազարի խառնված բազմությունը, որ առանց ստիպմունքի ևս երկյուղածությամբ ետ էր քաշվում և ճանապարհ էր բաց անում։ Սկզբում ես կարծեցի, թե այդ ասպախումբը եվրոպական մի որևէ պետության հյուպատոս պետք է լինի իր ընտանիքով և իր բազմաթիվ համհարզներով, որպես սովորություն ունեն նրան արևելքում իրանց, որքան կարելի է, շքեղ և մեծափառ ցույց տալ:

— Ովքե՞ր են դրանք,— հարցրի մի հայից, որ խորին կերպով, գլուխ տվեց նրանց անցնելու միջոցին և, դեռ անշարժ կանգնած, հիացմունքով նայում էր նրանց ետևից։

— Մեր «սահարներն» են,— պատասխանեց նա մի առանձին պարծենկոտությամբ։

Ես իսկույն հասկացա, թե ովքեր էին։ Պարսկաստանում ևս «սահաբ» անունով էին կոչում միսիոնարներին, որ նշանակում է տեր, պարոն։ Ահա՛, ոտնաշրջիկ առաքյալների հաջորդները, որոնք բացի մի ցուպից և մի մախաղից ավելի ոչինչ չէին կրում իրանց հետ: