Էջ:Raffi, Collected works, vol. 5 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/401

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Չե՞ս զարմանում։

— Զարմանում եմ,— պատասխանեցի ես, վեր կացա իմ նստած տեղից, բռնեցի նրա ձեռքը:

Ասլանը գլխարկը մի կողմ ձգեց և լուռ նստեց օթոցի վրա: Իսկ Ջալլադը սկսեց շտապով հավաքել իր իրեղենները։ Սենյակի դռանը սպասում էր մի ծաոա։ Նա ներս մտավ, վեր առեց նրա խուրջինը և հեռացավ։

— Դու գնո՞ւմ ես,— անհագիստ կերպով հարցրի նրանից։

— Ոչ, ես չեմ գնում,— քաղցրությամբ պատասխանեց նա և, մոտենալով, ձեռքը դրեց իմ ուսի վրա։— Ես այդ քաղաքում պետք է մնամ։ Եվ այդ պատճառով, հարկավոր եղավ իմ իրեղենները տեղափոխել իմ նոր վարձած կացարանը։

— Այսուամենայնիվ, մենք պետք է բաժանվենք միմյանցից։

— Այո՜, պետք է բաժանվենք...

Նրա ձայնը դողաց։

Վերջին օրերում ես այն աստիճան սկսել էի սիրել և հարգել այդ ազնիվ երիտասարդին, որ, կարծես, մի բան կտրվեցավ իմ սրտից, երբ լսեցի, որ բաժանվելու ենք միմյանցից, և, գուցե այլևս չէինք տեսնի միմյանց։ Ես սկսեցի աղաչել նրան․

— Գոնե այս գիշեր մնացեք մեզ մոտ։

— Մեծ ուրախությամբ կմնայի, եթե կարելի լիներ․․․

Հետո խոսքը փոխեց.

— Բայց դուք էլ երկար չեք մնալու այստեղ։

Ասլանը, որ լուռ դիտում էր մեր սրտերի զեղմունքը, ավելի տխրացրեց ինձ, ասելով.

— Մի քանի ժամից հետո մենք պետք է թողնենք այդ քաղաքը։

— Գիշերով։

— Այո՛, գիշերով։

Ի՞նչ էր պատահել, ի՞նչ հարկ կար այդպես շտապելու։ Նրանք ինձ ոչինչ չասացին։ Միայն նկատում էի, որ Ասլանը նույնպես մի աոանձին թախծության մեջ էր գտնվում։ Երևի, սիրելի ընկերից բաժանվելը նրան ևս տանջում էր։

Հասավ բաժանման ծանր րոպեն։ Ջալլադը մոտեցավ նախ Ասլանին, գրկեց նրան։ Ոչինչ չխոսեցին, ոչինչ չասացին միմյանց։ Երկար, լուռ գրկախառնության մեջ էին գտնվում նրանք։ Մեկի գլուխը դրած էր մյուսի ուսի վրա։ Մեկի ձեռքերը փաթաթված էին մյուսի պարանոցին։ Չէին խոսում, բայց լռության մեջ շատ բան էին ասում միմյանց։