Էջ:Raffi, Collected works, vol. 5 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/403

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

խրխնջոցը։ Խե՜ղճ անասուն, նա էլ տխուր էր երևի, նա էլ զգում էր, որ իր սիրելի տերը այլևս չի նստի նրա վրա։

Ասլանը բաց արեց աչքերը, ասաց.

— Եթե մի մարդ հարցնելու լինի ինձ, շուտով զարթեցրու։

— Դու քնո՞ւմ ես։

— Ոչ, այնպես նիրհում եմ։

Պանդոկում ամեն ինչ լուռ էր. ճրագները հանգցրել էին, և ամեն ոք հանգստանում էր խորին քնի մեջ։ Միայն երբեմն լսելի էր լինում գիշերապահ հասասների ձայնը, որ ման էին գալիս պանդոկի կտուրի վրա, և նրանց ձայնին պատասխանում էին մյուս պանդոկների կտուրներից։

Ասլանը կրկին բաց արեց աչքերը։ Այժմ ես թույլ չտվի, որ նա դարձյալ խփե աչքերը և փոքր-ինչ հանգստանա։ Իմ անհամբերությունը այնքան անզուսպ էր, որ ցանկանում էի տեղեկանալ, թե ինչո՞ւ Ջալլադը այդպես հանկարծ բաժանվեցավ մեզանից, կամ ի՞նչ գործով պետք է զբաղվեր նա, այդ քաղաքում մնալով։

— Դու արդեն գիտես, որ նա քահանա է և բողոքական քահանա, — իմ հարցին պատասխանեց Ասլանը, գլուխը բարձրացնելով,— իսկ այդ քաղաքում բողոքական հասարակություն կա։

— Այդ ես գիտեմ։ Բայց նա նրանց չէ համակրում, և որքան նկատեցի ես, մինչև անգամ զզվում է նրանցից։

— Հենց դրա համար էլ նա վճռել է գործել նրանց մեջ, որ ուղղվին, որ մոլորության մեջ չմնան։

— Ի՞նչպես մոլորության մեջ չմնան։

— Որ հասկանան, կրոնը և խղճի ազատությունը այլ բան է, իսկ ազգությունը այլ բան է։ Որ իրանց հայ ճանաչեն, և իրանց լուսավորչական ու կաթոլիկ եղբայրներին սիրեն։

— Լավ չէ՞ր լինի, որ նրանք ամենևին բաժանված չլինեին մեզանից։

— Լավ կլիներ։ Բայց քանի որ զանազան տխուր հանգամանքների պատճառով բաժանվել են, քանի որ իրողությունը արդեն կատարված է, պետք է հաշտվել փաստի հետ։ Այժմ ի՞նչ է մնում մեզ անել, հալածե՞լ նրանց, — այդ ոչինչ օգտավետ հետևանքի չի հասցնի։ Մեզ մնում է` աշխատել, կրկին կապել նրանց մեզ հետ, եթե ոչ կրոնքով, գոնե ազգայնական կապերով, որ ավելի ամուր է և հաստատուն։

— Այդ կարելի՞ է:

— Ինչու՞ չէ կարելի: