Էջ:Raffi, Collected works, vol. 5 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/405

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Մի մարդ հարցնում է ձեզ:

Ասլանը հրամայեց, որ ներս թողնեն: Քանի րոպեից հետո ներս մտավ մի անծանոթ երիտասարդ, նուրբ կազմվածքով և բավական մաքուր հագնված եվրոպական հագուստով: Նա քաղաքավարությամբ գլուխ տվեց, մոտեցավ Ասլանին, սեղմեց նրա ձեռքը և տվեց մի փոքրիկ նամակ: Ասլանը շտապով բաց արեց նամակը, կարդաց և, վերջացնելուց հետո, ասաց երիտասարդին.

— Մենք իսկույն պատրաստ կլինենք, հարգելի Արփիար, դուք ևս պատրաստվեցեք, որ շուտով ճանապարհ ընկնենք: Ահա ձեզ զենքեր, իսկ պանդոկի բակում կապած է ձեզ համար մի գեղեցիկ ձի:

Երիտասարդը ուրախ դեմքով մոտեցավ, վեր առեց Ջալլադի զենքերը և թեթև քայլերով դուրս գնաց՝ իր ձին պատրաստել տալու համար։

— Ո՞վ է այդ գԵղեցիկ երիտասարդը,—հարցրի Ասլանից, նրա բացակայության միջոցին:

— Հետո կասեմ... — պատասխանեց նա: —Դա Թոխմախ-Արթինի քարավանի հետ է եկել:

— Մի՞թե Թոխմախ-Արթինի քարավանը այստեղ է:

— Ոչ, մի քանի օր առաջ անցել է այստեղից, իսկ այդ երիտասարդին թողել էր այստեղ, որ ուղեկցե մեզ հետ մինչև Մուշ:

— Ո՞րքան գեղեցիկ երիտասարդ է,— կրկնեցի ես,— և այդ հասակում ճանապարհորդություններ է անում:

Ասլանը ուշադրություն չդարձրեց իմ ոգևորոության վրա, որ պատճառեց իմ մեջ քնքուշ երիտասարդը, որի ամբողջ կազմվածքը, կարծես, սպիտակ մոմից շինված լիներ: Նա խնդրեց, որ կանչեմ պանդոկի սպասավորներից մեկին, հաշիվը ստանա:

Սպասավորի փոխարեն հայտնվեցավ ինքը Հաջի-Իսաղը: Նա, երևի, քնած էր. այնքան շտապեց, որ մոռացավ իր հագուստը հագնել, և այնպես շապիկով ու տակի ոտաշորով վազեց մեզ մոտ: Տեսնելով նրան, Ասլանը պատվիրեց ինձ, որ, որքան և պահանջելու լինի, վճարեմ և ձայնը կտրեմ, իսկ ինքը դուրս եկավ սենյակից: Նա չկամեցավ նայել այդ գարշելի մարդու վրա, որի մեջ բարքի մաքրության հետ՝ պակասում էր և ամենահասարակ քաղաքավարությունը:

Ես վճարեցի նրան սենյակի վարձը, ձիաների կացարանի վարձը, մի խոսքով, ինչ որ սկզբից խոստացել էինք նրան և հետո հարցրի.