Էջ:Raffi, Collected works, vol. 5 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/407

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հատակի վրա, փշրվեցավ։ Հաջին ամբողջ մարմնով սոսկաց։ Կարծես կուժը նրա գլխին կոտրեցին։ Նա երևակայել անգամ չէր կարող, որ իր առաջարկությունն այդպիսի հետևանք կունենար։ Երկար, սառածի նման, նայում էր խեցիների կտորների վրա, որոնք կարծես յուր սրտի կտորները լինեին։ Այդ միջոցին ներս մտավ Ասլանը և հասկանալով եղելությունը հանդիմանեց ինձ։

— Այդ ինչ երեխայություն է։

Հաջիի լեզուն բացվեցավ։ Նա իրան պաշտպան գտավ։

— Այդ ասացեք, պարոն բժշկապետ, իհարկե, երեխայություն է, ապա ինչ է,— մրթմրթաց նա խորին դժգոհությամբ։

Ասլանը նայեց նրա ներկայացրած հաշվի վրա և, ձեռքը մեկնելով դեպի նա, ասաց.

— Այդ կուժին դուք հինգ ղուրուշ գին եք նշանակել, ստացեք և մի նորը գնեցեք։

Նա մեծ շնորհակալությամբ ընդունեց։

— Տիրոջ օրհնությունը ձեզ հետ լինի,— ասաց նա խղճալի ձայնով։

— Ախար ես էլ գերդաստանի տեր եմ, իմ օգուտը այդպիսի բաներից է...

Ներքևում ձիաները պատրաստ էին։ Հաջի-Իսաղը, իր ստացած լիաձեռն բավականության համար, այժմ ավելի քաղաքավարի դարձավ․ նա ինքը վեր առեց մոմը և, մեր աոջևից տանելով, աոաջնորդեց մինչև պանդոկի բակը։ Ծիծաղելի էր նայել այդ կիսամերկ ծերուկի վրա, որը, միևնույն ժամանակ, թե պանդոկի հարուստ տերն էր և թե նրա ստոր սպասավորը։

Երբ վերջին մնաք—բարյավն ասացինք, Ասլանը հարցրեց.

— Ես մոռացա ձեզանից հարցնել, դուք հա՞յ եք։

— Ոչ, պարոն բժշկապետ, ես բողոքական եմ։

ԻԹ

ՏԱՐՈՆ

Ամբողջ գիշերը ճանապարհ գնալով, առավոտյան լույսի հետ բացվեցավ մեր առջև Մուշի գեղեցիկ դաշտը,— պատմական Տարոնը։ Իմ սիրտը թնդաց ուրախությունից։ Ո՜րքան բաներ էր պատմել այդ դաշտի մասին Ասլանը, ո՜րքան ջերմ զգացմունքներով