Էջ:Raffi, Collected works, vol. 5 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/408

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կապված էր նա իմ հոգու հետ։ Մեր առջևը դրած էր մի հարթ, լայնածավալ հովիտ, շրջապատած բարձր լեռներով: Սկսյալ ամենահին ժամանակներից, այդ հովիտը եղել է հանդիսարան ամենամեծ անցքերի, որ կատարվել է հայկական կյանքում։

Տարո՛ն, ի՛նչպես քաղցր հնչում ես դու իմ ականջին, որքան սիրելի է ինձ քո անունը։ Դու Հայաստանի հարավային սահմանների վահանն էիր. քո վրա զարկվելով փշրվում էին Ասորեստանի զորությունները, քո վրա զարկվելով, խորտակվում էր արաբացու կատաղությունը, և քո դաշտերը ողողվում էին թե՛ քո զավակների և թե՛ քո թշնամու արյունով։

Ես աչքերս դարձրի դեպի իմ ուղեկից Արփիարը։ Ոգելից երիտասարդը խորին հափշտակությամբ ինձ նման, նայում էր Մուշի գեղեցիկ դաշտի վրա, կարծես թե, սիրահարված լիներ։ Նրա խոշոր, խաժ աչքերը ձգտում էին միանգամից ամփոփել, միանգամից տեսության առնել լայնածավալ տարածությունը։ Նա դեռ երիտասարդ էր, թարմ երիտասարդ։ Գուցե դպրոցի նստարանից դեռ նոր էր բաժանվել։ Գլխի մուգ-շիկագույն մազերը հիանալի գանգուրներով դուրս էին նայում մոխրագույն գլխարկի տակից, որ ծածկում էր նրա սիրուն գլուխը։ Նա ավելի կանացի դեմք ուներ, բայց գունաթափ, թախծալի դեմք։ Գուցե հայրենի աշխարհի տպավորությունները խլեցին նրա երեսի գույնը։ Լուռ էր նա, չէր խոսում։ Ինձ թվում էր, թե նրան տիրում էր մի տեսակ ապշություն, մի տեսակ ինքնամոռացություն։ Եթե իր երկար կոշիկների խթաններով երբեմն մեքենաբար չխփեր իր ձիու կողքը, նրա ձին կկանգներ, որովհետև սանձը թուլացել էր նրա ձեռքում, իսկ մտրակը ընկել էր ձեռքից։ Խեղճ տղա, ինչեր էին անցնում նրա սրտից. ինչ բանի վրա էր մտածում նա։ Ասլանը խոստացավ ասել ինձ, թե ո՛վ էր նա, և այդ հետաքրքրությունը տանջում էր ինձ։

Մենք անցանք Հացիկ գյուղը, որ այժմ կոչվում է Խաս-Գյուղ։ Նա դարձավ դեպի ինձ այդ խոսքերով.

— Մեր պատմաբաններից մեկը, Փավսատոսը, այդ գյուղի չորրորդ դարու բնակիչներին «կարճազատք» ածականը տվեց, որ նշանակում է կարիճների զավակներ։ Մեր այժմյան լեզվում կարճազատը չարաճճի բառի իմաստն ունի։ Հին դարերում Հացիկի բնակիչները հայտնի էին իրանց անբարոյական բարք ու վարքով, մանավանդ կանայք։ Մեր Հուսիկ կաթողիկոսի որդի Պապը մի հարճ ուներ, որը այդ գյուղիցն էր։ Այն օրից անցել է տասն և վեց դար, բայց Հացիկի բնակիչները դեռ իրանց վարք ու