Էջ:Raffi, Collected works, vol. 5 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/409

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

բարքը չեն փոխել: Այսուամենայնիվ, Հացիկը անմոռանալի կմնա ամեն մի հայի համար, որովհետև նա Մեսրոպի ծննդավայրն է։

Երբ գյուղից դուրս եկանք, հեռվից նկատեցինք, որ մեր առջևով գնում էին երկու ձիավորներ։ Ինչպես երևում էր, նրանք այդ գյուղումն էին իջևանել, որովհետև մի քանի գյուղացիներ նրանց ճանապարհ էին դնում։ Տեսնում էինք, թե ինչպես գյուղացիները մոտեցան երկու ձիավորներից մեկին, նրա աջը համբուրեցին և, օրհնությունը առնելով, վերադարձան դեպի իրանց տները: Արդեն հայտնի էր, որ նա պետք է հոգևորական լիներ։

Երկար մենք և նրանք, միևնույն հեռավորության վրա, գնում էինք միևնույն ճանապարհով։ Հետո նկատեցինք, որ նրանք սկսեցին իրանց ձիաները կամաց քշել, որ մենք հասնենք։

Մեր ենթադրությունը ուղիղ դուրս եկավ. երկու ձիավորներից մեկը հոգևորական էր, բայց եվրոպացի հոգևորական։ Իսկ մյուսը, ինչպես երևում էր, կամ նրա ծառան պետք է լիներ, կամ առաջնորդը։ Ես առաջին անգամ տեսնում էի մի եվրոպացի կրոնավոր։ Նա քառասուն տարեկան հազիվ կլիներ, բայց սև մորուքը արդեն սկսել էր ճերմակել։ Դեմքը ինձ շատ դուր եկավ, մի ուրախ, մշտածիծաղ դեմք, որ, կարծես, ասում լիներ. «ես վաղուց ձեզ հետ բարեկամ եմ»։ Գլխին դրած ուներ լայնեզրյա փափուկ գլխարկ սև գույնով, և հագել էր կրոնավորի երկար զգեստ, կուրծքից մինչև ոտները կոճկած, նույնպես սև գույնով։

Երբ նայեց դեպի մեզ, նրա երեսի վրա նշմարվեցավ մի տեսակ շփոթություն, որ շուտով անցավ։ Նրան տեսնելով, Ասլանի գույնը նույնպես փոխվեցավ։ Ի՞նչ էր նշանակում այդ։ Հեռավոր Ասիայում, Մուշի դաշտի մեջ, երկու եվրոպացիներ հանդիպում են միմյանց, մինը կրոնավոր, մյուսը բժիշկ, և երկուսն էլ, փոխանակ ուրախությամբ միմյանց գրկելու, շփոթվում են, սոսկում են, ինչպես մի մարդ, որ անակնկալ կերպով օձի կամ կարիճի է հանդիպում։ Թե ի՞նչ անցավ Ասլանի սրտից,— այդ ես կարող էի հասկանալ, բայց կրոնավորի այլայլվելու պատճառը ինձ մնաց անբացատրելի։ Չի՞ցե թե նրա համար ծանր էր, որ մի եվրոպացի մարդ տեսնում էր նրան այդպիսի խուլ տեղերում։ Անշուշտ նա Ասլանին եվրոպացու տեղ կընդուներ և ուրիշ կարծիք տանել չէր կարող։

— Դուք, պարոն, երևի, Մո՞ւշ եք գնում,— հարցրեց նա կոտրատած թուրքերեն լեզվով։

— Այո՛,— պատասխանեց Ասլանը: