Էջ:Raffi, Collected works, vol. 5 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/411

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

նրան զանազան անցքեր Տարոնի մասին, իհարկե, կրոնական կողմից միայն, այն ևս ծուռ ու սխալ կերպով:

— Այդ երկիրը,— ասում էր նա,— լի է այն բոլոր հիշատակարաններով, որտեղ կատարվել են մեր ս. Լուսավորիչ հոր հրաշագործությունները։ Երբ գնաց նա Կեսարիա և Ղևոնդես հայրապետից հայոց քահանայապետ ձեռնադրվեցավ, վերադարձին Ղևոնդեսը ընծայեց նրան սրբոց շատ մասունքներ, որ տանե Հայաստան և, կոատները քանդելով, նրանց տեղը քրիստոնեական տաճարներ հիմնել: Այդ մասունքների թվում էին ս. Հովհաննես Կարապետի և ս. Աթանագինես հայրապետի նշխարները: Մի զույգ սպիտակ ջորիներ տանում էին այն կառքը, որի մեջ դրած էին սրբոց մասունքները։ Երբ եկան Տարոն, անցան Եփրատ (Արածանի) գետը և մոտեցան թարքե լեռան բարձրություններին, այդ միջոցին աստծու հրամանով ջորիները կանգ առին, այլևս առաջ չգնացին։ Ս. Լուսավորիչը հասկացավ, որ այնտեղ պետք էր հիմնել տաճարները։ Բայց այդ լեռան գլխին շատ կռատներ կային, որոնց մեջ դևեր էին բնակվում։ Ս. Լուսավորիչը խաչակնքեց, կռատները կործանվեցան և դևերը հալածվեցան։ Այնտեղ հիմնեց ս. Լուսավորիչը ս. Կարապետի վանքը և ամփոփեց նրա մեջ իր բերած սուրբ մասունքների մի մասը։ Այն դևերից մեկը մնաց միայն, որ մինչև այսօր ծառայում է վանքի մեջ։

— Ի՞նչ է շինում,— ընդհատեց Ասլանը նրա պատմությունը։

— Վանքի թոնիրների մոխիրը առնում է և ստորերկրյա աներևույթ ճանապարհով տանում է, ածում է Եփրատ գետի մեջ։ Նրան կոչում են «Կաղ դև», որովհետև կռատները կործանվելու միջոցին քարերից մեկն ընկավ, ոտքը կոտրեց։ Լուսավորիչը ներեց նրան, որովհետև զղջաց, մեղա եկավ։

— Ս. Լուսավորիչը ի՞նչ ազգից է եղել։

— Կաթոլիկ է եղել, այո, ուղղափառ բարեպաշտ կաթոլիկ։ Նա, քահանայապետ ձեռնադրվելուց հետո, հայոց Տրդատ թագավորի հետ գնաց Հռոմ` ի տեսություն Կոստանդիանոս կայսեր և Սեղբեստրոս պապի։ Հռոմում արքայավայել ընդունելություն գտավ։ Այնտեղ կնքեց պապի հետ «դաշանց թուղթը», խոստացավ հավիտյան հավատարիմ մնալ Հռոմի սուրբ աթոռին։ Վերադարձին կայսրը շնորհեց թագավորական պարգևներ Տրդատին, իսկ պապը շնորհեց հայրապետական պարգևներ ս. Լուսավորչին, որոնց թվում էր Պետրոս և Պողոս առաքյալների նշխարների մի մասը և