Էջ:Raffi, Collected works, vol. 5 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/412

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Անդրեաս առաքյալի ահյակ ձեռքը։ Այդ սրբությունները ամփոփեց Լուսավորիչը Առաքելոց վանքում, որը ինքը հիմնեց:

Նա ցույց տվեց, թե որ կողմումն է Առաքելոց վանքը, և ավելացրեց.

— Այդ գավառի բոլոր վանքերը ս. Լուսավորչի հիմնածներն են, կամենում եմ ասել` կաթոլիկաց վանքեր են։

— Ուրեմն դուք հարգո՞ւմ եք ս. Լուսավորչին։

— Ինչպես չհարգել մի այնպիսի պաշտելի անձնավորություն, որ մի ամբողջ աշխարհ հեթանոսությունից ի քրիստոնեություն ածեց։ Մենք մեր այստեղի բոլոր եկեղեցիներում դրած ունենք ս. Լուսավորչի պատկերը և դիտավորություն ունենք Մուշի մեջ նրա անունով մի առանձին եկեղեցի կառուցանել։ Ս. Լուսավորիչը, իսկապես, մեզ է պատկանում և ոչ թե հայերին, որոնք հետո խոտորվեցան նրա ուղղած ճանապարհից...

Այդ բոլորը պատմության ժամանակ կրոնավորի մեղմ դեմքը վայլում էր։ Նրա հեզ աչքերը վառվում էին, և նրա փափուկ ձայնը ավելի և ավելի կենդանանում էր։ Ասլանը ոչինչ չպատասխանեց։ Երևի, նրան ծանր էր շարունակել այդ սրտաբեկ խոսակցությունը...

Թեև մինչև կեսօր դեռ մի քանի ժամ կար, բայց արեգակը սկսել էր արդեն այրել։ Կրոնավորը բաց արեց իր սև հովանին, բռնեց գլխի վրա և, չգիտեմ ինչո՞ւ, նա էլ ընկղմվեցավ մի տեսակ լռիկ թախծության մեջ:

Ճանապարհի մոտ արտերը հնձում էին: «Հոնածը»— հնձավորների առաջնորդը— առաջ ընկած, մի երգ երգելով, յուր մանգաղով բաց էր անում «հոնը»։ Հնձավորների ամբողջ խումբը, ձայնակցելով նրա երգին, հետևում էին նրան։ Փայլուն մանգաղների հնչյունը, միախառնվելով տխուր երգի հետ, կազմում էին խիստ տրտում, մելամաղձոտ ներդաշնակություն։ Ինչո՞ւ շինականի երգը այնպես տխուր էր այստեղ։ Ո՞վ էր խլել նրա ուրախությունը։ Ո՞վ էր կոտրել նրա սիրտը, որից լսվում էին այն ցավալի հնչյունները...

Երբ մոտեցանք, «հոնածը» իր մանգաղի ծայրը ցցեց մի կապած խուրձի մեջ և, վեր բարձրացնելով, բերեց և հասկերն ի վեր դրեց մեր առջև, ճանապարհի վրա։ Իսկ ինքը, արևից այրված դեմքը դեպի մեզ դարձնելով, լուռ կանգնեց յուր նվերի մոտ։ Կրոնավորը հանեց քսակից մի արծաթե դրամ, ընծայեց նրան: «Հոնածը»