Էջ:Raffi, Collected works, vol. 5 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/414

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Սլկունիները ապստամբվեցան Արշակունիների դեմ, և ճենացի Մամգունի դավաճանությամբ բնաջինջ եղան։ Տրդատը Տարոնը պարգևեց Սամգունին, որը Մամիկոնյան մեծ նախարարության սկիզբը դրեց:— Այդ բոլորը երազի նման անցնում էր իմ աչքի առջևից։ Կարծես, հենց այդ րոպեում զարկում էր իմ ականջներին իշխանազն երիտասարդների որսորդական փողի ձայնը, կարծես, հենց այդ րոպեում տեսնում էի, թե ինչպես նրանք, նիզակները ձեռրում, սրարշավ ձիաներով, սլանում էին Մեղրի դետի խիտ շամբուտների մեջ։ Բայց երբ աչքերս դարձնում էի, իմ առջևում, համրընթաց ձիու վրա նստած, լուռ դնում էր կաթոլիկ կրոնավորը.․.

Այդ կանաչազարդ տարածության վրա, որ հասնում էր մինչև Եփրատի ափերը, արածում էին շրջակա գյուղերի անասունները։ Գյուղերը մոտ աո մոտ երևում էին հեռվից։

Մի տեղ, ճանապարհից ոչ այնքան հեռու, մի խումբ երեխաներ նստած, ինչ-որ խաղ էին խաղում։ Այդ փոքրիկ հովիվների շուրջը արածում էին նրանց գառները։ Երևում էր, որ նրանցից յուրաքանչյուրը իրանց տան գառները բերել էր, և այնպես կազմվել էր մի ամբողջ հոտ։ Շները, գլուխները առջևի թաթերի վրա դրած, պառկել էին նրանց մոտ և ուշադրությամբ նայում էին ոչ այնքան գառներին, որքան նրանց խաղին։ Երբ փոքրիկ հովիվները հեռվից տեսան մեզ, նրանցից մեկը, ավելի ճարպիկը, շտապեց և գրկելով գառներից մեկին, վազեց դեպի մեզ։ Եվ ինչպես հնձավորը յուր հասկերի խուրձը նվիրեց մեզ, նա էլ իր գառը պահեց մեր առջև, ճանապարհի վրա, և ծիծաղկոտ դեմքը ուղղեց դեպի մեզ։ Կրոնավորը սրտի հուզմունքից զգացվեցավ, թաշկինակը տարավ դեպի աչքերը։

— Մոտեցի՛ր, մանկիկս,— ասաց նա, տալով երեխային մի արծաթե դրամ ե լի բուռնով այլ մետաղներ, որ հանեց գրպանից։— Այդ փողը քեզ,— ավելացրեց նա,— իսկ այդ մյուսները բաժանիր քո ընկերներին։

Մանուկը համբուրեց կրոնավորի աջը և ուրախ-ուրախ վազեց դեպի ընկերները։ Նրա ստացածը ուրիշ ոչինչ չէր, եթե ոչ, պղնձե փոքրիկ խաշեր ս. Աստվածածնի պատկերներով։

Ես ետ նայեցի, փոքրիկ հովիվների մեջ արդեն սկսվել է կռիվը խաշերի բաժանման մասին։

Ի՜նչ մեծ զանազանություն այդ փոքրիկ հովիվների և այն փոքրիկ հովիվների մեջ, որ քարկոծում էին սուրբ գրքերի տարածողին։