Էջ:Raffi, Collected works, vol. 5 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/416

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Այդ անպիտանները իրանց կաթոլիկ էլ չեն կոչում, ուրիշ տեղերում, եթե հայ-կաթոլիկները ուրանում են իրանց հայությունը, գոնե իրանց «փրանգ» չեն կոչում։ Ահա դրա մեջն է եզվիտների գլխավոր վնասը՝ լատինացնել և ազգայնությունը, ազգային զգացմունքը ոչնչացնել...

Երբ փոքր—ինչ առաջ գնացինք, կրոնավորը իր ձին պահեց և, ձեռք տալով Ասլանին, բաժանվեցավ մեզանից, ասելով.

— Շատ ցավում եմ, որ իմ ուղեկցությունը այդպես կարճատև եղավ ձեզ հետ, պարոն բժշկապետ, ես այղ գյուղը պետք է գնամ մի հիվանդի այցելության,

— Այդ ավելի կարևոր է,— պատասխանեց Ասլանը ժպտալով։— Մնաք բարյավ, տեր հայր։

Մենք շարունակեցինք մեր ճանապարհը դեպի Մուշ. Ասլանը, տխուր մտածությունների մեջ առաջ էր քշում իր ձին։ Ես և Արփիարը դեռ շարունակում էինք խոսել կրոնավորի և հայ֊կաթոլիկների մասին,

— Զարմանալի կոպիտ մարդիկ են այդ հայ—կաթոլիկները,— ասացի ես, չմոռանալով կրոնավորի ծառայի իմ վրա թողած անախորժ տպավորությունը։

— Նրանք հայերի հետ միայն այդպես են,— պատասխանեց Արփիարը, իր ձիու ընթացքը հավասարեցնելով իմին, որպեսզի ես լավ լսեմ նրա խոսքերը։— Բայց երբ պատահում է նրանց մի օտարազգիի հետ խոսել, այդ դեպքում ստրուկի պես խոնարհ են դառնում։ Ատելությունը դեպի իրանց ազգայինները այն աստիճան զարգացել է նրանց մեջ, որ մի հայի պատահելիս, այլևս իրանց պահել չեն կարողանում, մոռանում են քաղաքավարությունը։ Ամեն օտարազգի աղանդավորներին նրանք կներեն, բայց հայի երեսին անամոթությամբ կնետեն «հերձվածող, չարափառ, հերետիկոս» և այլ անուններ։ Այդ կաթոլիկ կղերի դաստիարակության արդյունքն է։

— Ատելություն սերմանել եղբայրների մեջ։

— Այո՛, ատելություն սերմանել։ Բայց մի այլ պատճառ ևս պետք է ի նկատի առնել։ Այդ մարդիկը հենց սկզբանե անկիրթ են եղել և ոչինչ բարոյական մաքրություն չեն ունեցել։ Վեր առեք յուրաքանչյոէր նոր կրոնափոխ եղած հայ—կաթոլիկին առանձին, քննեցեք նրա անցյալը, քննեցեք նրա վարած կյանքը, անպատճառ կգտնեք նրա մեջ մի հին կեղտ։ Այդպիսի մարդիկ միայն մոտենում են եզվիտներին և այդպիսի մարդկանց մոտենում են իրանք