Էջ:Raffi, Collected works, vol. 5 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/417

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

եզվիտները։ Ամեն մի հայտնի սրիկան նրանցից պաշտպանություն է գտնում։ Ինչո՞ւ։— Որովհետև նրանց միջոցով ավելի հեշտ է խաղաղ ժողովրդի մեջ երկպառակություն ձգել, միմյանց հետ կռվացնել, որդին իր ծնողաց դեմ ապստամբացնել և այլն։ Իսկ երկպառակությունից նրանք միշտ օգուտ են քաղում։ Այդ մարդը, որ ձեզ հետ վիճում էր, մի քանի անգամ սնանկացած, իր պարտատերերի ձեռքից փախած, գինեվաճառ է։ Հիմա եզվիտի մոտ ծառա է դարձել նրա և՛ խոհարարն է և գործակիցը։ Դուք կտեսնեք նրան, խոհանոցի ղենջակը առջևը կապած, փողոցում կանգնած, անցնողների հետ քավարանի կամ պապի Հիսուս Քրիստոսի հաջորդ լինելու մասին կվիճե, թեև ինքը բոլորովին տգետ և գռեհիկ մարդ է:

— Միևնույնը ես նկատեցի Բաղեշում, այդպես էին վարվում և հայ֊բողոքականները։

— Բոլորը միևնույն տեսակից են։ Այդ օտարազգի քարոզիչները հավաքում են հասարակության մրուրը, հասարակության կեղտը։ Երանի՜ թե, մաքրելու նպատակով լիներ.․. Նրանք փոխում են իրանց հետևողների անունը միայն, իսկ կեղտը մնում է... Մի՞թե լոկ անունը կարող է փոխել մարդու բարոյական կազմակերպությունը։ Մեկը երեկ հայ—լուսավորչական էր, այսօր նրան կոչում են հայ—բողոքական, կամ հայ—կաթոլիկ, — դարձյալ նույն մարդն է...

Այդ խոսակցության միջոցին երիտասարդի շրթունքները դողում էին, նրա ձայնը փոփոխվում էր, երևում էր, որ նա զգացել էր այդ բոլորը, երևում էր, որ նրա մտածության մշտական առարկան էին դարձել հայ հասարակության այդ անբուժելի վերքերը։ Բայց զարմանալին այն էր, որ ես այդ անծանոթ երիտասարդի և Ջալլադի դատողությունների մեջ գտնում էի շատ նմանություններ, կարծես երկուսն էլ միևնույն նպատակին էին ձգտում, երկուսն էլ միևնույն վնասակար երևույթների դեմ էին բողոքում։ Ջալլադը, որպես վերջը հայտնվեցավ, բողոքական քահանա էր։ Բայց ո՞վ էր այդ երիտասարդը, որ Բաղեշում անսպասելի կերպով միացավ մեզ հետ։ Ասլանը այդ մասին դեռ ոչինչ չէր ասել ինձ։ Երբ նա խոսում էր, ես կարմրում էի նրա առջև։ Նա այն հասակում այնքան շատ բաներ գիտեր, այնքան շատ բաներ ուսումնասիրել էր։ Իսկ ե՞ս․․․ Ես դեռ ոչինչ չգիտեի․․․

ճանապարհը զարմանալի կերպով տրամադրում է մարդուն խոսել, մանավանդ երկար, ձանձրալի ճանապարհը։ Իսկ մեր խոսակցությունը