Էջ:Raffi, Collected works, vol. 5 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/418

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

խոակցության առարկան այնքան առատ էր նյութերով, որ եթե տարիներով խոսեինք, դարձյալ չէր սպառվի։ Աշխարհի սկզբից մարդիկ խոսում են, վիճում են կրոնի վրա, և պիտի շարունակեն խոսել, մինչև աշխարհի վերջը։

Մենք կրկին վերադարձանք դեպի օտարազգի քարոզիչներ։

— Նրանք,— նկատեցի ես,— այնպես չեն, որպես իրանց հետևողները, այլ բավական բարի, քաղաքավարի և բարեկիրթ մարդիկ են։

— Այդ այդպես երևում է միայն,— պատասխանեց նա ժպտալով,— բայց երբ շատ կմոտենաք նրանց, կտեսնեք, թե ի՛նչ հրեշներ են։ Տեսա՞ք այդ կրոնավորին, ո՜րքան հեզ էր, ո՜րքան քաղցր էր խոսում, կարծես բերանից մեղր էր հոսում։ Բայց միևնույն անձը իր հետևողների սրտում թույն կկաթեցնե, և այնքան անզգալի կերպով, որ նա չի զգա, թե վարակվում է։

— Այսուամենայնիվ, մեծ զանազանություն կա դրանց և բողոքական միսիոնարների մեջ։ Այն զանազանությունը միայն կա, որ բողոքական միսիոնարները մեծամիտ են, իրանց միշտ բարձր են պահում ժողովրդի մակերևույթից և ավետարանի առաքելության մեջ անգամ՝ պահպանում են անգլիական կոպիտ հպարտությունը։ Այդ է պատճառը, որ խիստ նվազ հաջողություն են գտնում։ Բայց այդպես չեն եզվիտները. դրանք ամեն ծակ ու ծուկ կմտնեն, ամեն վիճակի հետ կհարմարվեն, և այդ պատճառով ավելի վտանգավոր են։ Բողոքական միսիոնարը իր գործի մեջ աղայություն է սիրում և ավելի ուրիշների ձեռքով է գործ կատարում։ Բայց եզվիտը ինքը իր գործի և' տերն է, և' մշակը։

— Դուք կարծում եք այստեղ կարո՞ղ են նրանք վնասակար լինել։

— Եթե նրանք կարողանում են վնասակար լինել ավելի քաղաքակիրթ հասարակությունների մեջ, որոնք ճանաչում են նրանց, որոնք գիտեն պաշտպանվել նրանց դեմ,— իսկ այստեղ, մի այդպիսի խեղճ, միամիտ, անպաշտպան ժողովրդի մեջ, ինչո՞ւ չեն կարող վնասակար լինել։ Բոլոր այն հրոսակները, որ դարերի ընթացքում արշավանք են գործել Տարոնում, իրանց բարբարոսությամբ այնքան վնասներ չեն տվել, որքան կարող է տալ այդ հեզ, խոնարհ կրոնավորը, որ մի հասարակ ձիու վրա նստած, միայնակ, քրիստոնեական առաքինությամբ ահա՛ այժմ այցելության է գնում այն գյուդը, մի հիվանդի մոտ...

Զբաղված լինելով խոսակցությամբ, մենք բավական ետ էինք