Jump to content

Էջ:Raffi, Collected works, vol. 5 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/42

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

որի նմանը կարելի է տեսնել հնդկահավի գլխի վրա, իսկ երեսի կաշին հաստանալով, բոլորովին կորցրել էր իր կոկությունը և նարնջի կեղևի նմանություն էր ստացել։ Քթի վրա, որը իր մեծությամբ ընդարձակ տեղ էր բռնում, երևում էին կասկածավոր կարմիր բծեր։ Այսպիսի դեմքեր շատ ընդունակ են կեղծավորվելու, թեև քսությունը ավելի չէ հարմարվում նրանց։ Նրա հագուստը մի ծիծաղելի խառնուրդ էր եվրոպականից և ասիականից։ Գլխին դրած ուներ տաճկի կարմիր ֆես, որի վրա քրդի ձևով փաթաթել էր երկու «յազմա» կոչված թաշկինակներ․ հագել էր վանեցու երկայն անթարի, կողքից ճղած լայն դրոշակներով, որի վրա հագել էր մի մուգ-դեղնագույն եվրոպական կարճ պալտո։ Կարճ պալտոն և երկայն անթարին վերևից պնդած էին շալե հաստ գոտիով, որը մի քանի փաթոթներով պատած էր նրա մեջքին։ Նրա նեղ պանտալոնը հազիվ իջնում էր ծնկներից մի փոքր ցած։ Սրունքները բաց էին մնացած: Երևում էր, որ այդ ողորմելի պանտալոնը նա գնել էր հնոտիների բազարից, այդ պատճառով նրա համար չափազանց կարճ էր։ Դասատան մեջ նա հագած ուներ մի տեսակ հոդաթափներ, որոնք երեք մատի հաստությամբ փայտյա տակեր ունեին, և շարժվելու ժամանակ այդ տախտակները խիստ օտարոտի ձայներ էին հանում աղյուսով պատած հատակի վրա: Միակ առարկան, որ ցույց էր տալիս, թե նա գրի ու կարդալու մարդ է, էր նրա ահագին թանաքամանը, որ փորի վրա խրած ուներ գոտիի մեջ։ Այդ ինքնուրույն թանաքամանը կազմված էր պղնձե երկայն քառանկյունի փողից, որի մի ծայրի կողքին ամրացրած էր բուն թանաքամանը, թրաշած բաժակի ձևով: Նրա մեջ թանաք էր ածած և սև աբրեշումի թելեր էր դրած, որպեսզի թելերը հեղուկ թանաքը իրանց մեջ ծծեին, որ չվիթվեր: Քառանկյունի փողի մեջ ամեն բան կար, այնտեղ կար և զմելի, և գրիչ. այնտեղ կար մի մաղաշ, որով պատվելին իր քթից մազեր էր դուրս հանում, այնտեղ կար և մի ականջափորիկ թեյի փոքրիկ գդալի չափով, որով և թանաքամանի մեջ ջուր էր ածում ցամաքելու ժամանակ, եռականջների կեղտն էր դուրս տալիս, երբ բավական լցվում էին,— այնտեղ կար և մի ածելի, որով պատվելին երեսը ածիլում էր։ Պատվելիի այդ գրական պարագայքը լրացնում էին և մի քանի այլ առարկաներ, որ նույնպես քարշ էին ընկած նրա գոտիից. դրանցից մեկն էր նրա կարճ ծխաքարշը փայտյա կոթով, երկրորդը, գույնզգույն ճոթերից կարված մի մեծ քսակ էր, որի մեջ ծխախոտ էր ածած, իսկ երրորդը, երկաթյա մի փոքրիկ ունելի էր, որով ծխաքարշի