Էջ:Raffi, Collected works, vol. 5 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/420

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

իր հետ զենք, չէ բերել և մեծ ուժեր։ Նրա գլխավոր զենքը, իր գրպանում լցրած, փոքրիկ պղնձե խաչերն են և իր խորամանկությունը։— Ես այդ մարդից սարսափո՜ւմ եմ, սիրելի Տարոն...»։

Լ

ՀԱՑ ԿԱԹՈԼԻԿԸ

Դեռ արևը չէ մտել, դեռ բավական լույս կար, երր մոտեցանք Տավրոսի ստորոտներին, որ առանձին անունով կոչվում է Սիմ լյառ։ Հեռվից, համանուն դաշտավայրի հարավային կողմում, երևում էր Մուշ քաղաքը։ Նա կանգնած էր բավական բարձր, լայնանիսա բլուրի վրա և թախծալի կերպով նայում էր դեպի իր առջևը տարածված րնդարձակ դաշտավայրը։ Նրա թախծությանը փոքր ի շատե ուրախ կերպարանք էին տալիս խաղողի այգիները, որոնք, տների հետ միախառնված, բլուրի բարձրությունից իջնում էին մինչև ստորոտը։ Դեպի ամեն կողմ տիրում էր երեկոյան լռությունը,— գործադուլի և հանգստի լռությունը։ Լսվում էր միայն աղմկալի գետակի ձայնը, որ, քաղաքի առջևից ոլորվելով, փրփրալով գնում էր ու խառնվում Մեղրի գետին։ Լսվում էր և ջրաղացների խուլ դղրդյունը, որոնք երկար շարքով բանում էին այդ գետակի վրա։

Գեղեցիկ էր տեսարանը։ Գեղասեր Տավրոսը, մոտենալով Մուշի դաշտավայրին, կարծես վախեցել էր չխանգարել նրա չքնաղությունը և, զգուշությամբ դեպի ետ քաշվելով, գոգավորվել էր, թողնելով այն լայնանիստ բլուրը միայն, քաղաքի շինվածքի համար։ Այդ բյուրի դեպի վերը նայելիս, երևում էր քաղաքը իր մզկիթներով ու եկեղեցիներով։ Բոլորովին գագաթի վրա կանգնած էր հին, կիսավեր ամրոցը։ Բլուրի ստորոտից, հարթ տարածության վրա, անմիջապես սկսում էին ծխախոտի մշակության ընդարձակ արտորայքը, որոնք քաղաքացիների գլխավոր հարստությունն էին կազմում։

Չգիտեմ ինչո՞ւ ես տխուր էի այդ քաղաքին մոտենալու ժամանակ։ Արդյոք նրա համար, որ Տարոնի մարդաշատ, մեծահարուստ քաղաքներից մնացել էր այդ մեկը միայն, և այն ևս ավելի մի մեծ ավանի տպավորություն էր գործում, քան թե քաղաքի։

Չկար Կավ-Կավ կոչված ամրաշեն քաղաքը, իր անառիկ Ողական