Էջ:Raffi, Collected works, vol. 5 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/421

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

բերդով։ Չկար Չյունակերտ քաղաքը, որ Վախթանդգ զորավարը նորոգելով, իր կնոջ անունով կոչեց Պորպես։ Չկար Օձ քաղաքը, որ ահարկու բերդը շինեց Աշոտ Մսակերի որդի Դավիթ Բագրատունին։ Չկար Վիշապ քաղաքը, որ Վաղարշակի օրերում հիմնեցին հնդկացի գաղթականները, որը այլ անունով կոչվում էր Տիրակատար քաղաք։ Չկար և Սուրք քաղաքը, որ հիմնեց Սանատրուկ արքան։— Բոլորը կորավ, բոլորը անհետացավ, մնաց որբացած։ Սուշը միայն, որ այժմ մռայլ դեմքով նայում էր բարձրադիր բլուրի գագաթից, և իմ մեջ զարթեցնում էր տխուր հիշողություններ: Բնության վսեմությունը տեսարանների գեղեցկությունը, մասամբ փարատում էին այդ հիշողությունները։

Երբ սկսեցինք բարձրանալ բլուրի զառիվերը, երբ բավական մոտեցանք քաղաքին, Արփիարը մեզ խորհուրդ տվեց չիջևանել պանդոկներում, այլ ընտրել մի հարմար կացարան։ Բաղեշում հաջի-Իսաղի պանդոկում լավ խրատված լինելով, մենք հոժարությամբ ընդունեցինք Արփիարի առաջարկությունը։

— Բայց ուրիշ ի՞նչ հարմար կացարան կարող էինք գտնել,— հարցրեց Ասլանը։

— Քաղաքի եկեղեցիները ավելորդ սենյակներ ունեն պանդուխտների համար, կարելի է նրանցից մեկը ընտրել,— պատասխանեց Արփիարը։

— Դուք կարծում եք, որ դրանք պանդոկներից լա՞վ կլինեն։

— Եթե լավ լինեն, վատ էլ չեն լինի։ Միայն այն զանազանությունը կա, որ եկեղեցիների բակերում առանձնացած կլինենք, իսկ պանդոկներում կգտնենք մի խառնիճաղանջ բազմություն, որոնց մեջ շատ հաճելի չէր լինի մեզ երևնալ։

Ճանապարհը ոլոր-մոլոր պտույտներով բարձրանում էր դեպի վեր։ Դաշտերից վերադառնում էին մշակները, բահերը ուսի վրա դրած, այգիներից վերադաոնում էին այգեպանները բարձած ավանակներով։ Փոշին մարդ էր խեղդում։ Ավելի անտանելի էին ավանակները։ Երբեմն այդ կամակոր անասուններից մեկը կամ խրտչում էր, և համառելով կանգ էր առնում, ճանապարհ էր կտրում, կամ կողքե֊կողք շեղվելով, իր վրա բարձած խաղողի կթոցը զարկում էր մեր ոտներին։

Վերջապես, մտանք քաղաքի նեղ փողոցների մեջ։ Անցնելու տեղ չկար։ Մարդ և անասուն խաոնվել էին միմյանց։ Մենք, կարծես թե, սանդուղքներից էինք բարձրանում, որովհետև փողոցները բլուրի զառիվեր դիրքն ունեին։ Հայոց թաղերը բաժանված էին