Էջ:Raffi, Collected works, vol. 5 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/422

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մահմեդականների թաղերից։ Այդ արդեն նշան էր, որ այդ տարբեր ազգերը հաշտ դրացիներ չեն եղել։ Մենք դիմում էինք դեպի հայոց թաղը։

Երեկոյան ժամերգությունը դեռ նոր էր ավարտված, դեռ նոր ժամավորները դուրս էին գալիս, երբ մտանք հայոց եկեղեցիներից մեկի բակը։ Մեզ տեսնելով, ժամավորները կանգ առին և խմբվեցան մեր շուրջը։ Բավական ժամանակ տևեց, մինչև եկեղեցու երեցփոխանը հայտնվեցավ։ Դա մի կարճահասակ մարդ էր, որի ընդարձակ, ալեխառն մորուքը ծածկում էր ամբողջ կուրծքը, հետո, երկու կողմից տարածվելով, հասնում էր ուսերին, և ապա բարձրանում էր դեպի ականջները և վերջը անհետանում էր մի կեղտոտ, լրջագույն ֆեսի տակ։ Նրա մորուքը հնդկահավի բացված պոչի տպավորություն էր գործում, որի միջնավայրում երևում էր մի փոքրիկ, ողորմելի երես, նեղ, անհանգիստ աչքերով.

Մեր հարցին, թե կա՞ն արդյոք սենյակներ գիշերելու համար, նա պատասխանեց' «տեսնեմ»․․․ և անհայտացավ ժամավորների մեջ։ Կարծես թե ինքը չգիտեր, և նոր պետք է տեղեկանար, արդյոք սենյակներ կային, թե ոչ։

Երկար սպասելուց հետո, վերջապես տեսանք, որ մորուքը բակի մյուս ծայրում խոսում էր տերտերի հետ, որը այդ գաղտնի խորհրդակցությունից հետո, բարեհաճեց մոտենալ մեզ։ Եթե ճշմարիտ է ժողովրդական կարծիքր, թե ձրի հացը մարդուն գերցնում է, պարարտացնում է,— այդ կետից նայելով, պետք էր ընդունել, որ տեր հոր վրա շատ բարերար ազդեցություն էր գործել։ Նրա երկու ձեռքերի ծայրերը հազիվ հասնում էին միմյանց, և ահագին փորի վրա դարձնում էին «տեր-ողորմյայի» սև հատիկները, որոնց մեջ տեր֊հայրը, երևի, վայելչության համար, կարմիրներ ևս խառնել էր։ Հակառակ իր երեցփոխանին, նա կրում էր խիստ թեթև մորուք, և ծնոտների բաց մնացած կաշին պարարտությունից փայլում էր մուգ֊աղյուսի գույնով։ Արյունով լի աչքերը, կարծես ուզում էին դուրս թռչել իրանց բույներից։ Նա մոտենում էր մեզ դանդաղ քայլերով, և միևնույն ժամանակ ծանր շունչ էր առնում։ Մեր զարմացքը մեծ եղավ, երբ այդ ահագին մարմնի միջից լսվեցավ մի երեխայի հազիվ լսելի ձայն։

— Բարեողջույն ձեր հրամանոցը․․․ առակն անխոտելի է... կասեն՝ հազարից մեկ անգամ զատիկ կլինի... և այն օրն էլ ձյուն կգա.․. Մեր եկեղեցին, շատ տարի է, որ հյուր չէ ունեցել... այսօր հյուր եկավ, սենյակ չկա... Ապրի մեր ժողովուրդը.․․ փառք աստծո,