Էջ:Raffi, Collected works, vol. 5 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/424

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ծխում էր: Փափուկ երիտասարդը հոգնած էր երևում։ Մի ամբողջ օր ու գիշեր շարունակ ճանապարհ էր եկել, դա հեշտ չէր նրա համար։ Ասլանը ինչ-որ նամակ էր որոնում իր թղթապահի մեջ: Իսկ ես դեռ չէի մոռացել մորուքին, չէի մոռացել և հաստափոր տերտերին, այդ պատճառով հարցրի մեր հյուրընկալից, թե այն ի՞նչ աղմուկ էր, որ մեր հեռանալուց հետո բարձրացավ եկեղեցու բակում։

— Արժե՞ միթե դրա վրա խոսել,— պատասխանեց նա, ուսերը արհամարհական կերպով շարժելով.— մեր տերտերները խո գիտեք ի՜նչ են...

Մեր հյուրընկալը երևաց և բավական ծանր, լրջահայաց մարդ:

Ասլանը խոսում էր նրա հետ քաղաքի մասին, հարցնում էր, թե որքան բնակիչ ունի, որքանը մահմեդական է, որքանը հայեր են, քանի եկեղեցի ունեն, քանի դպրոց ունեն։— Նա բոլոր հարցերին բավական ճիշտ տեղեկություններ էր տալիս։

— Մահմեդականների հետ ձեր հարաբերությունները ի՞նչպես են։

— Ի՜նչպես պետք է լինի,— պատասխանեց նա տխուր ձայնով.— կողոպտում են, չենք բողոքում, հայհոյում են, ձայն չենք հանում, թքում են մեր երեսին, համբերում ենք, և այդպես կառավարվում ենք միմյանց հետ։ Եվ ասում են, թե հայն ու տաճիկը լավ են «յոլա գնում»...

Այդ միջոցին Արփիարը գլուխը վեր բարձրացրեց իր պառկած տեղից և, դառնալով դեպի տան տերը, ասաց.

— Ձեր հայտնած թվանշանները ինձ համար շատ հետաքրքիր են. մոտավորապես քանի՞ տուն են հաշվում այդ քաղաքում։

— Մոտավորապես 2.500 տուն, որոնցից հազար տունը հայեր են, մնացածը քուրդ և տաճիկ։

— Ո՞րքան գյուղ կա Մուշի ամբողջ դաշտում։

— Հայաբնակ գյուղերը 100 կարելի է հաշվել, իսկ մի 8 կամ 10 գյուղ քրդաբնակ են։

— Հայաբնակ գյուղերի յուրաքանչյուրը միջին թվով քանի՞ տուն կունենա։

— Յուրաքանչյուրը միջին թվով կունենա 70 տուն։

— Ուրեմն 100 գյուղը 7.000 տուն։— Իսկ յուրաքանչյուր տունը ո՞րքան հոգի կարելի է հաշվել:

— Յուրաքանչյուր տունը 10 հոգի կարելի է հաշվեր

— Դա շատ չի՞ լինի։