Էջ:Raffi, Collected works, vol. 5 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/427

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Մուշի գյուղորայքի այժմյան ծուխերը, կստանանք 143.780 հոգի: Կնշանակե՝ Հին Տարոնի միայն յոթն գյուղը ունեցել է 63.780 բնակիչ ավելի, քան թե ունի այժմյան ամբողջ Տարոնը իր բոլոր գյուղերով և Մուշ քաղաքով:— Դա սարսափելի՜ տարբերություն է,—կրկնեց նա,— դա մինչև անգամ անհավատալի է թվում: Բայց ես բոլորովին հավատում եմ Զենոբի թվանշաններին, նա չափազանց ճշմարտասեր մարդ էր։ Բայց ո՛րքան ուրիշ շատ գյուղեր, ավաններ և քաղաքներ կային այն ժամանակ Տարոնում...

Նա լռեց, թախծալի մռայլը կրկին պատեց նրա պայծառ դեմքը:

— Հիշյալ յոթն քրմական ավանդագյուղերը ունեին 20.708 հետևակ և հեծելազոր զինվորներ։ Բավական մեծ ուժ է մի մեհյանի համար։ Մի կռվի մեջ միայն քուրմերը դուրս բերեցին Լուսավորչի դեմ 6.946 զինված մարդիկ։ Եվ այդ էր պատճառը, որ առանց արյունահեղության չկատարվեցավ կրոնական մեծ հեղափոխությունը Տարոնում։

Մեր հյուրընկալը խորին ուշադրությամբ լսում էր ոգելից երիտասարդի խոսքերը։ Ինձ համար ևս շատ հետաքրքիր էին նրա հաղորդած նոր տեղեկությունները Տարոնի մասին, թեև շատ բան առաջուց ինձ պատմել էր նույնպես և Ասլանը։

Ասլանը այդ միջոցին գտավ այն նամակը, որ որոնում էր, և դառնալով դեպի մեր հյուրընկալը, հարցրեց.

— Դուք ճանաչո՞ւմ եք այդ մարդուն,— նա կարդաց նամակի հասցեն։

Մեր հյուրընկալի լուրջ դեմքի վրա խաղաց մի թեթև ժպիտ և, նամակը նրա ձեռքից առնելով, ասաց.

— Այդ մարդը ես եմ։ Անշուշտ Վանում հանձնած կլինեն ձեզ այդ նամակը։

— Այո՛, մուսուլցի թումաջի վաճառական խոջա Թորոսի նամակն է։

Մեր հյուրընկալը նամակը մոտեցրեց ճրագին, կարդաց, և վերջացնելուց հետո, ասաց.

— Այդ նամակը, ինչպես երևում է, ուշացրել եք։ Բայց ես դրանից առաջ մի այլ նամակ ևս ստացել եմ խոջա Թորոսից, համարյա միևնույն այդ բովանդակությամբ։

— Ուրեմն դուք ճանաչեցի՞ք մեզ եկեղեցու բակում։

— Ճանաչեցի։ Ես ձեզ սպասում էի։

— Ուրեմն պատրաստե՞լ եք, ինչ որ գրել են ձեզ։

— Ամեն ինչ պատրաստ է։