Էջ:Raffi, Collected works, vol. 5 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/429

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

լեզու, գիտեր և մի քանի հին ու նոր լեզուներ։ Բայց ինչ որ ավելի զարմացրեց ինձ,— նա կրոնով հայ-կաթոլիկ էր, և այնպես դառնացած կերպով խոսում էր հայ—կաթոլիկների մասին։

«Ահա՛ մի երկրորդ Ջալլադ,— մտածում էի ես,— նա կրոնով հայ բողոքական, բողոքում էր հայ-բողոքականների հակաազգային հակումների դեմ, իսկ դա կրոնով հայ կաթոլիկ, բողոքում էր հայ կաթոլիկների հակաազգային հակումների դեմ։ Բայց Ջալլադը քահանա էր, չլինի՞ թե դա ևս մի նորընծա աբեղա լիներ»։

— Ո՛չ,— ասաց Ասլանը,— սկզբում թեև ուխտած է եղել կրոնավորական կարգը մտնել, բայց հետո թողել է։

— Նա կմնա՞ այստեղ։

— Կմնա։

— Ի՞նչ պիտի շինե։

— Պիտի գործե այստեղի հսյ—կաթոլիկների մեջ։

— Նա Վենետիկի վանքի կողմի՞ց է ուղարկված։

— Ո՛չ, նա ազատ մարդ է, կգործե իր սեփական միջոցներով։ Նա հորից բավական ժառանգություն է ստացել։

— Եզվիտները չե՞ն հալածի նրան։

— Կհալածեն: Բայց եթե հալածանքից մարդիկ վախենալու լինեին, պետք է ոչինչ չշինեին։ Իսկ նա բավական քաջություն ունի իր գործի համար։

Քաղաքից մոտավորապես երկու ժամ ճանապարհի տևողությամբ գնում էինք դեպի արևելք, անցնելով մշակված դաշտերի և գեղեցիկ, կանաչազարդ հովիտների միջով։ Հեռվից երևաց Աստղաբերդը։ Նա կանգնած էր Տավրոսի թևքերից մեկի վրա և, կարծես, զայրացած դեմքով նայում էր դեպի իր առջևը դրված խորին ձորերը ու լայնածավալ հովիտները։ Իմ սիրտը սկսեց դողալ։ Մենք մոտենում էինք հայոց դիցուհու ամրոցին։ Այստեղ էր հյուրասիրում Տարոնի աստվածուհին մեր անպարտելի հսկաներից մեկին— Վահագնին։ Այստեղ, գեղեցիկ աստվածուհու գրկի մեջ, հանգիստ էր առնում հսկան՝ իր ահռելի կռիվներից հետո վիշապների հետ։ Սերը, գգվանքը, հեշտությունը ամոքում էին վաստակած քաջի խոնջությունը։

Երբ հասանք լեռան ստորոտին, մեր առաջնորդը ներքևում պահեց ձիաները, իսկ ես և Ասլանը սկսեցինք վեր բարձրանալ։ Ամրոցի վիթխարի աշտարակներից մի քանիսը, բարձր պարիսպների մեծ մասը, դեռ կանգուն էին մնացել։ Ներսի շինությունները փլատակների մի տխուր տեսարան էին ներկայացնում։ Երևում