Էջ:Raffi, Collected works, vol. 5 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/43

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

վրա կրակ էր դնում, երբ պետք էր վառել նրան, իսկ հարկավոր ժամանակ նրանով բռնում էր աշակերտների քթից հուփ էր տալիս...

Տեսնելով մեզ, Սիմոն պատվելիի առաջին հոգսը եղավ հանգստացնել իր աշակերտներին «սո՜ւս», «սո՜ւս» գոչելով, ճիպոտը ձեռքին, նա սկսեց վազ տալ դասատան այս կողմը, այն կողմը, մի քանի պտույտներ գո՛րծեց, մի քանի հայհոյանքներ տվեց, աշակերտներից մեկի մազերից բռնելով, նստեցրեց իր տեղը, մյուսի ականջները ձգձգեց և, վերջապես, նրան հաջողվեցավ կարգը վերականգնել։ Բոլոր աշակերտները լռեցին և յուրաքանչյուրը յուր տեղում անշարժ նստած մնաց։ Այդ գործողությունը թեև փոշու թանձր մառախուղ բարձրացրեց, առանց դրան ևս լույսից զրկված դասատան մեջ, բայց այդ մթության միջից դարձյալ կարելի էր տեսնել, թե ինչպես աշակերտները երկչոտ կերպով, ապուշ ապուշ նայում էին մեզ վրա։ Հետո պատվելին ընդառաջ եկավ, ընդունեց մեզ, որպես մի մարդ, որ իր տանը հյուր էր ընդունում, այդ խոսքերով.

— Բարով եք եկել, հազար բարով, իմ աչքի վրա, իմ գլխի վրա...

Հայտնի չէ, թե այլևս նրա որտեղի վրա պետք է լիներ մեր ընդունելությունը, որովհետև աշակերտներից մեկը այդ միջոցին փոթկաց և պատվելիի ճառը ընդհատվեցավ։ Նա երեսը շուռ տվեց դեպի եղեռնագործը և ձեռքով սպառնալով մրթմրթաց— «սպասի՜ր, գարշելի»...

— Ի՞նչ են սովորում այստեղ,— հարցրեց Ասլանը։

— Ամեն բան սովորում են, պարոն,— պատասխանեց պատվելին, աջ ձեռքի ցուցամատով աջ կողմի պնչածակը քչփորելով,— ինչ որ կամենում եք, հարցրեք, բլբուլի պես պատասխան կտան։

— Այդ լավ է,— ասաց Ասլանը ժպտալով։

— Տեսնո՜ւմ եք այդ փոքրիկին, պարոն,— նա ցույց տվեց մի ութ տարեկան երեխա,— կարող է ամբողջ «Հայր-մերը» թարսա ասել։

— Ի՞նչպես թարսա ասել։

— Այնպես... այսինքն... զոր օրինակ... տակից դեպի վեր... այնպես ասել,— պատասխանեց պատվելին կակազելով։

— Երևի դրանում մի առանձին միտք կա, որ դուք «Հայր-մերը» թարսա եք սովորեցնում,— հարցրեց Ասլանը լուրջ կերպով։