Էջ:Raffi, Collected works, vol. 5 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/430

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

էին զանազան վիմափոր սենյակներ, քարանձավներ, որոնք կիսով չափ կամ բոլորովին հողով լցված էին։ Պարզ երևում էր, որ ոչ թե ժամանակը պարբերաբար մաշել, տրորել էր այդ գեղեցիկ ամրոցը, այլ նա միանգամից մի սոսկալի կործանման զոհ էր դարձել։ Տեղ-տեղ հողի և քարակույտի տակից դուրս էին նայում այրված, ածուխ դարձած գերանների ծայրերը: Ակներև էր, որ մի ժամանակ կրակը այստեղ սարսափելի գործ էր կատարել։

Ասլանը նստեց մի քարի վրա, ուր մամուռը սփռել էր իր թավիշյա կանաչագույն գորգը։ Նա հրավիրեց ինձ նստել իր մոտ։ Վաղորդյան արեգակը լուսավորում էր նրա մտախոհ դեմքը։ Ես երբեք չէի տեսել նրան այնպես ընկղմված մտածությունների մեջ: Սի քանի րոպե լուռ նայում էր նա փշոտ դժնիկի վրա, որ բուսել էր մի սյունի խորտակված պատվանդանի ճեղքից և իր մանր տերևներով ծածկում էր նրա հրաշալի քանդակները։ Հետո դարձավ դեպի ինձ այդ խոսքերով։

— Ես բերեցի քեզ, Ֆարհատ, այստեղ ոչ թե ամրոցը ցույց տալու համար, այլ բոլորովին այլ նպատակով։ Մենք ամրոցներ, բերդեր, ավերակներ շատ տեսանք մեր ճանապարհորդության ժամանակ։ Այնքանն էլ բավական էր քեզ՝ քո հայրենիքի մասին գաղափար տալու։ Բայց ես քեզ բերեցի այստեղ, որ հենց կատարված տեղի վրա պատմեմ քեզ այն, ինչ որ մինչև այսօր ծածուկ է պահվել քեզանից, ինչ որ գուցե շատ անգամ զբաղեցրել է քո հարցասիրությունը։ Այդ պետք է գիտենաս դու, որովհետև մենք շուտով բաժանվելու ենք միմյանցից...

Վերջին խոսքը նետի պես ծակեց իմ սիրտը։ Ես ամբողջ մարմնով սոսկացի։ Բաժանվել այն մարդից, որին այնքան սիրել էի, որին այնքան հարգում էի, որը այնքան մեծ ազդեցություն էր գործել թե իմ բնավորության և թե իմ զարգացման վրա,— այդ անտանելի էր։ Նա ժամանակ չտվեց ինձ մի բան ասելու և շարունակեց.

— Ես թողնում եմ այդ բերդի հին պատմական ավանդությունները, թողնում եմ և դրա վրա պատմված ժողովրդական զրույցները, այդքանը միայն կասեմ, որ այդ բերդը պատկանում էր Տարոնի հայ իշխաններին, հետո կործանվեցավ Մահմեդի քեռորդի Աբդուռահիմից, երբ նա արշավեց դեպի Հայաստան։ Այնուհետև ի՞նչ վիճակների է ենթարկվել,-ինձ հայտնի չէ, միայն վերջին ժամանակներում նորոգեց այդ բերդը և բնակվում էր դրա մեջ քո և մեր ամենի բարերարը-որսորդ Ավոն: