Էջ:Raffi, Collected works, vol. 5 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/431

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Լսելով Որսորդի անունը, ինձ զսպել չկարողացաք: Ես նստած էի այն ազնիվ, առաքինի մարդու ավերակների վրա։

— Այդ նրա՞ ամրոցն է,-բացականչեցի ես,-այստե՞ղ կատարվեցավ այն սարսափելի կոտորածը, որով բնաջինջ եղավ նրա տունը, այստե՞ղ հայերի դավաճանությամբ ընկավ նա թշնամու սրերի տակ,-այդ բոլորը տեսնում եմ, տեսնում եմ և հրդեհի հետքերը... բոլորը տեսնում եմ...

— Այո՛, այստեղ... — կրկնեց Ասլանը նույնպես զգացված ձայնով:— Բայց որսորդի բնակության տեղերը նույնքան փոփոխական են եղել, որքան փոփոխվել է նրա անողորմ բախտը: Մի ժամանակ բնակվում էր նա Սասունի լեռների մեջ, մի ժամանակ Մոգաց երկրում, իսկ վերջը-այստեղ։ Ամեն տեղ շուտ հաջողվում էր նրան, բայց և ամեն տեղ աղետալի արկածներ պակաս չէին լինում նրանից։ Կարծես այդ մարդը ծնված էր իր ամբողջ կյանքում ծանր պատահարների հետ պատերազմելու համար... Դու գիտես, Ֆարհատ, թե ի՜նչ անցյալ է ունեցել նա, դու գիտես, թե ո՞վ է նա և ո՛րպիսի տխուր հանգամանքներից ստիպված, ընկավ նա Պարսկաստան։ Կրկնել քեզ այդ ամենը ավելորդ է։ Դու գիտես և այն, թե Պարսկաստանում որպիսի աղքատ կյանք էր վարում Աստղաբերդի տերն ու իշխանը, պահելով իրան բոլորովին անհայտության մեջ, մի հասարկ որսորդի անվան տակ։ Բայց մի բան չգիտես դու, և այդ է, որ ա՛յժմ ես պետք է պատմեմ քեզ։

Ես բոլոր ուշադրությունս լարեցի. նա շարունակեց.

— Դու, իհարկե, հիշում ես, Ֆարհատ, որ ես, Կարոն և Սագոն՝ երեքս միասին թողեցինք տեր Թոդիկի դպրոցը և անհայտացանք։ Անցան տարիներ, մեր հայրենիքում ոչ ոք տեղեկություն չուներ մեր մասին։ Ամենքը մեզ կորած էին համարում։ Բայց թե ո՞րտեղ էինք այդ ժամանակ, ի՞նչ էինք շինում,-այդ դու չգիտես,-ահա ա՛յդ է, որ պետք է պատմեմ քեզ, որովհետև դրա հետ կապ ունի այդ ամրոցի տիրոջ, Որսորդի առաքինության մի այլ կողմը, որ քեզ հայտնի չէ։

Նա մի քանի րոպե լուռ կացավ իր հիշողությունները ամփոփելու համար։

— Այո՛... հենց նույն օրերում, երբ մենք թողեցինք տեր Թոդիկի դպրոցը Սալմաստով անցավ մի ամերիկացի ճանապարհորդ, մի ծերունի գիտնական, որ զանազան ուսումնական նպատակներով ուղևորություններ էր անում Պարսկաստանում։ Հիվանդության պատճառով նա մի քանի շաբաթ մնաց Սալմաստում։ Մի