Էջ:Raffi, Collected works, vol. 5 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/432

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

դիպվածով նա ծանոթացավ Որսորդի հետ։ Որսորդը լսելով, որ ծերունի ճանապարհորդը հետաքրքրվում է նաև հնություններով, ցույց տվեց նրան մի թուր, որ Բաղդադի հին խալիֆաներից մեկի անունն էր կրում իր վրա: Ամերիկացին բավական նշանավոր գումար աոաջարկեց այդ հազվագյուտ զենքը գնելու համար։ Որսորդը մերժեց նրա արծաթը, հայտնելով, թե ինքը մեծ հաճությամբ կընծայե նրան այդ զենքը, եթե նա կընդունե կատարել իր մի խնդիրքը։ Այդ խնդիրքը կայանում էր նրանում, որ ամերիկացին հանձն առներ ինձ, Կարոյին և Սագոյին տանել իր հայրենիքը, և այնտեղ տալ մի որևէ դպրոցում ուսում առնելու։ Ճանապարհի ծախքը և բոլոր ծախքերը՝ մինչև մեր ուսման ավարտելը՝ իր վրա էր առնում Որսորդը։

— Փող նա ո՞րտեղից ուներ,- ընդհատեցի ես Ասլանի պատմությունը։

— Ուներ։ Այդ բերդի կործանման միջոցին նրա գանձը մնաց ծածկված իր տեղում, թշնամու ձեռքը չընկավ: Տարիներից հետո, երբ նրա մասին ամեն ինչ մոռացվեցավ, երբ նրան ամենքը սպանված էին համարում, նա ուղարկեց Մըհեին այստեղ և, իր գանձը դուրս բերելով, փոխադրեց Պարսկաստան։— Այդ թող մնա, նա փող ուներ... Ծերունի ամերիկացին սիրով ընդունեց Որսորդի առաջարկությունը, որովհետև նրա համար խավար, եվրոպական լուսավորությունից զուրկ Ասիայից երեխաներ տանել և ուսում տալ,— այդ մի շատ մեծ բավականություն էր։ Ես դեռ չեմ մոռացել այն խոսքերը, որ նա մեզ ընդունելու միջոցին ասաց Որսորդին. «Ես այդ սիրուն պատանիներին կտանեմ ինձ հետ, և դրանք ավելի մեծ հետաքրքրություն կպատճառեն իմ հայրենակիցներին, քան թե Ասիայից տարած իմ բոլոր հազվագյուտ իրեղենները»։ Որսորդը համբուրեց մեզ, օրհնեց և ճանապարհ դրեց։

Իմ սիրտը դողում էր բարի նախանձից. ինչո՞ւ ինձ էլ չուղարկեց նրանց հետ, ինչո՞ւ ես էլ չգնացի լույսի և արհեստի աշխարհը, ինչո՞ւ ինձ թողեց բթանալու տեր Թոդիկի դպրոցում։ Ասլանը շարունակեց.

— Այդ պարոնին, որ տարավ մեզ, կոչում էին մստեր Ֆիշեր. նա ազգով անգլիացի էր և Նյու-Յորքի մի գիտնական ընկերության անդամ։ Ամիսներ անցան, մինչև մենք անցանք Պարսկաստանը, Աղվանստանը, Հնդկաստանը և այնտեղից ծովային ճանապարհով հասանք Ամերիկա։ Ավելորդ է ասել, թե ո՛րպիսի հայրական խնամք էր տանում մեզ վրա բարեսիրտ ծերունին այդ երկար,