Էջ:Raffi, Collected works, vol. 5 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/434

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

նախագիտելիքները և ինքը ծերացավ անշարժության մեջ։ Մենք նրա հառաջադեմ աշակերտներն ենք։ Երախտագիտությունը պահանջում է, որ մենք տոկոսներով վերադարձնենք մեր ծերունի վարժապետին մեր ստացածը, որպեսզի նա դարձյալ մանկանա նոր աշխույժով և նոր կյանքով։ Եվ ես այդ նպատակով բերեցի խորին Ասիայից այդ մանուկներին, որ այժմ զարդարում են իմ ամբիոնի շուրջը... Խուռն ծափահարություն թնդացրեց ընդարձակ դահլիճը։ Այդ միջոցին հանդիսականներից չորս հոգի մոտեցան դասախոսին, սեղմեցին նրա ձեռքը, առաջարկելով, թե իրանցից յուրաքանչյուրը կցանկանար մեզանից մեկին որդեգրել և իր հաշվով ուսում տալ։ Ինձ վեր առեց մի այրի կին։ Կարոյին վեր առեց մի կալվածատեր. Սագոյին վեր առեց մի գործարանատեր, իսկ Ռափայելին — այդպես էր հնդկացի պատանիի անունը — վերառեց մի արհեստավոր։

— Մենք բաժանվեցանք, բայց կիրակի և տոն օրերում տեսնվում էինք միմյանց հետ։ Իմ բարերարուհին հայտնվեցավ մի շատ բարեպաշտ և առաքինի կին։ Նա ամուսնից բավական մեծ ժառանգություն էր ստացել և այդ ժառանգությունը պետք է մնար նրա երկու աղջիկներին, որոնցից մեկը տասնևվեց տարեկան էր, իսկ մյուսը տասևութ տարեկան։ Նրա աղջիկները մոր քնքուշ սիրտն էին կրում։ Բարեպաշտ կինը ամեն հնար գործ էր դնում, որ ես հայրենիքի կարոտություն չզգամ, որ միշտ ուրախ լինեմ։ Նրա գութը ավելի եղավ դեպի ինձ, երբ իմացավ, որ ես մի որբ տղա եմ, երեխայությունից զրկված եմ եղել իմ ծնողներից։ Մի օր ամբողջ քաղաքը որոնել էր նա, և վերջապես գտել էր մի զմյուռնացի հայ ընտանիք։ Այդ ընտանիքի հետ ծանոթացավ նա, խնդրում էր միշտ իր տունը հաճախել, միայն ինձ հաճեցնելու համար, որպեսզի ես հայեր տեսնեմ և ինձ միայնակ չզգամ։ Համարյա ամեն կիրակի Կարոն, Սագոն, Ռափայելը և այդ հայ ընտանիքը բոլորում էին նրա սեղանի շուրջը, և նա ուրախությունից չգիտեր, թե որպես գոհացներ իր հյուրերին։ Նա խնդրում էր մեզ հայերեն խոսել և ինքը մեծ բավականությամբ լսում էր, ասելով, թե մեր լեզվի մեջ գտնում է շատ ախորժելի հնչյուններ։ Նա սիրում էր լսել և հայոց երգեր, և շատ անգամ մեզ երգել էր տալիս հայ պանդուխտի երգը.

Կռունկ, ու՞ստի կուգաս.
Ձայնիկդ ի հոգիս,
Կռո՛ւնկ, մեր աշխարհին
Խաբրիկ մը չունի՞ս․․․