Էջ:Raffi, Collected works, vol. 5 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/435

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է

— Այդ երգի անգղիերեն թարգմանությունը գիտեր տիկինը։ Նրա մեծ աղջիկը շուտով հորինեց երաժշտական խաղեր այդ երգի եղանակով, նա ածում էր դաշնամուրի վրա, և մենք խումբով երգում էինք։ Բարեսիրտ կինը նայում էր մեզ վրա և թաշկինակը սեղմում էր աչքերին։

Այդ միջոցին Ասլանը նույնպես զգացվեցավ և նրա ձայնը սկսեց դողալ։

— Սկզբում, — շարունակեց նա,— մենք սովորում էինք զանազան տարրական դպրոցներում, որոնց մեջ մեզ տեղավորեց ինքը մստեր Ֆիշերը։ Նա միշտ իր հոգաբարձության տակ էր պահում և չէր դադարում ամեն կերպով հսկել մեզ վրա։ Նրա տունը մեզ համար հայրական տուն էր, ուր գնում էինք ամենայն սիրով։ Մի անգամ ես հիվանդ էի, բարեսիրտ ծերունին ամբողջ գիշերներ ոտքի մատների վրա ման էր գալիս իմ մահճակալի շուրջը, ուղղում էր իմ անկողինը և փոխում էր իմ սպիտակեղենները։ Երբ բավական սովորեցինք, մեզանից յուրաքանչյուրը ընտրեց մի մասնագիտական առարկա։ Ես ընտրեցի բժշկություն և շարունակեցի մինչև վերջը։ Ռափայելը սիրում էր արհեստներ, մեքենայագործություն, ճարտարություն, նա ընտրեց այդ մասը։ Բայց Կարոն և Սագոն անդադար մի առարկայից դեպի մյուսն էին անցնում, մեկը ընտրում էին. մի քանի ամիս սովորում էին, հետո ձանձրանալով թողնում էին և մի այլն էին սկսում։ Դրանց փոփոխամտությունը ոչ սակավ հոգսեր պատճառեց թե՛ մստեր Ֆիշերին և թե՛ իրանց բարերարներին, որոնց ծախքով սովորում էին։ Մեր շրջանում առակ էր դարձել ասել` թե «Կարոն իր մասնագիտությունը այնպես շուտ է փոխում, որպես իր շապիկը»։ Սագոն իր փոփոխամտության մեջ ավելի չափավոր էր։ Իսկ Կարոն այն ծայրահեղության հասավ, որ մի անգամ թողեց մաթեմատիկան և մտավ զինվորական դպրոց։ Հետո այնտեղից ևս դուրս գալով, մի ագարակում, ուր գործնական կերպով գյուղատնտեսություն էին սովորեցնում, սկսեց երկրագործությամբ պարապել։ Երբ նրան հարցնում էին, թե ինչո՞ւ ես այդպես անում, նա սովորաբար պատասխանում էր. «ախար այդ բոլորն էլ մեր երկրին պետք են»... Եվ այդպես, Կարոն շատ բան սովորեց, բայց ամեն առարկա թերի կերպով սովորեց։ Նրա անհագ եռանդը միշտ ձգտում էր միանգամից կլանել բոլոր ուսմունքները։ Բայց Սագոն վերջը մտավ մի վաճառականական դպրոց և այնտեղ ավարտեց։ — Ջալլադի հետ մենք ծանոթացանք շատ ուշ. նա սովորում