Էջ:Raffi, Collected works, vol. 5 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/436

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մի հոգևոր դպրոցում և ուղարկված էր այնտեղ Զեյթունի բողոքական միսիոնարների ձեռքով: Նա բնիկ զեյթունցի էր: Սկզբում նա խույս էր տալիս մեզանից, հետո այնքան ընտելացավ, որ սկսեց շուտ—շուտ հաճախել մեզ մոտ։ Նա իր դպրոցի հառաջադեմ աշակերտներից մեկն էր, և դեռ չավարտած, նրան ուղարկում էին Նյու— Յորքի շրջակա գյուղերը, փորձնական քարոզներ կարդալու: Կարոն չէր սիրում նրան, իսկ մենք ամենքս հարգում էինք: «Ին՛չ էլ որ լինի, տերտերի հոտ է գալիս դրանից»,— միշտ այդ էր կրկնում Կարոն և հեռանում էր նրանից։ Մստեր Ֆիշերը խորհուրդ էր տալիս նրան` թողնել աստվածաբանությունը և մի այլ առարկա ընտրել, բայց նա չէր ընդունում:

— Եվ շատ լավ էր անում,— ընդհատեցի ես Ասլանի պատմությունը,— հիմա նրա աստվածաբանությունը մեզ պետք է գալիս, թեև միսիոնարների օգտին չէ ծառայում։

— Բայց նա հետո փոխվեցավ,— պատասխանեց Ասլանը,— երբ վերադարձավ իր հայրենիքը և տեսավ միսիոնարների անպիտանությունները։ Սկզբում նա, նույն հոգվով կրթված, մի մոլեռանդ միսիոնար էր։ — Այդ թողնենք, անցնենք դեպի մեր պատմությունը։

— Մի անգամ արտասուքը աչքերում մտավ ինձ մոտ Կարոյի բարերարի քույրը։ Դաա մի պառավ աղջիկ էր, որ ուխտել էր ամուսնական մխիթարությունը փոխարինել բարեգործական մխիթարությամբ, և մի որբանոցի հոգաբարձուհի էր դարձել: — «Նա չկա»,— բացականչեց գունաթափ օրիորդը և թուլացած կերպով ընկավ իմ բազկաթոռի մեջ.— «երեք օր է, որ տուն չի վերադառձել, ոչ մի նամակ չի թողել և անհայտացել է»... Օրիորդը սկսեց դառն կերպով հեկեկալ։ Ինձ անհնար եղավ մխիթարել նրան, մինչև ներս մտան իմ տան տիկինը և նրա աղջիկները։— «Նրա բոլոր ծանոթների մոտ գնացի,— կրկնում էր խեղճ օրիորդը արտասվալի ձայնով,— «ոչ ոք նրա մասին ոչինչ չգիտե... ես նրան ճանաչում եմ... նա մի արկածախնդիր տղա է... անպատճառ նրա հետ մի բան պատահած կլինի... Ես օրիորդին թողեցի իմ սենյակում և իսկույն վազեցի մստեր Ֆիշերի մոտ։ Սկզբում մտածում էի, թե ո՞վ է իմանում, Կարոն է, տեսնես ինչ քամի է փչել քթին, թողել է մեզ, և մի որևէ ծակուծուկ մտել է։ Բայց հետո անցքը ինձ շատ ծանր երևաց։ Կարոն այնքան անխոհեմ չէր, որ առանց իմացում տալու, հեռանար քաղաքից: Մստեր Ֆիշերը զարմանքով լսեց, երբ բոլորը պատմեցի նրան։ Հետո աջ ձեռքը թափ տվեց, զարկեց սեղանին, ասելով.— «Մի բան կա... գրազ կբռնեմ, եթե այնպես