Էջ:Raffi, Collected works, vol. 5 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/437

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

չլինի»...— «Ի՞նչ բան, ասացեք խնդրեմ, ես նրա մասին շատ անհանգիստ եմ»։ Ծերունին այդքանը միայն ասաց, թե վերջին ժամանակներում նկատում էր, որ նա մտնում էր զանազան շրջաններ,— ի՞նչ շրջաններ,— այդ մասին նա ոչինչ չխոսեց, միայն ավելացրեց.— «Թեև ցավալի է, բայց նրա ձգտումներն ազնիվ են»... Այդ մթին խոսքերով ծերունին ավելի սաստկացրեց իմ անհանգստությունը, ես թողեցի նրան և վազեցի Սաքոյի մոտ։ Նա շվարած մնաց, երբ լսեց այդ անցքը։ Նա նույնպես ոչինչ չգիտեր, միայն այդքանը ասաց, թե վերջին ժամանակներում խիստ սակավ էր տեսնում Կարոյին, և միշտ ինչ-որ մտատանջության մեջ էր գտնում։ Ես սկսեցի զանազան տարակուսանքների մեջ ընկնել:

Անցավ մի ամիս, երկու ամիս և մի ամբողջ տարի, նրանից ոչինչ լուր չունեինք։ Մենք ամենքս նրան կորած էինք համարում։ Հանգիստ էր միայն մստեր Ֆիշերը։ Հանկարծ նրանից մի նամակ եմ ստանում։ Ի՞նչ եք կարծում, ո՞րտեղից,— Հարավային Ամերիկայից։ Նա անթիվ ներողություններ էր խնդրում, որ առանց մեզ հայտնելու, հեռացավ մեզանից։ Այդ նամակը խիստ ուրախալի տպավորություն գործեց իմ վրա։ Բանից դուրս եկավ, որ նա գնացել էր այնտեղ տեղային ագարակները ուսումնասիրելու և տեղային բանվորների դրությունը հետազոտելու։ Ո՞րքան ուրախ էր նա իր նամակի մեջ. գրում էր, թե մի հարուստ կալվածատիրոջ դաստակերտում կառավարչի պաշտոն էր ստացել, իր ձեռքի տակ աշխատում էին մի քանի հարյուր բանվորներ։ Երբ այդ մասին հայտնեցի մստեր Ֆիշերին, նա իր սովորական բարի ժպիտը երեսին ասաց.— «Կարոն ուզում էր ամեն բան սովորել, ամեն բան փորձել, ասելով, թե իր հայրենիքին պետք են»։

— Չգիտեմ, Սաքոն նամակ ստացե՞լ էր Կարոյից, թե ոչ, բայց ես նրան ոչինչ չասացի իմ ստացած նամակի մասին։ Միայն նկատում էի, որ նա էլ, ինչպես ասում են, իր խելքումը չէր։ Անդադար ճանապարհորդություններ էր անում. շատ անգամ շաբաթներով բացակա էր գտնվում Նյու— Յորքից։— Այդ ո՞րտեղ ես թափառում»,— մի անգամ հարցրի նրանից։— Ես Ամերիկայի գաղթականների կյանքն եմ ուսումնասիրում»,— պատասխանեց նա: Այդ մասին հարյուրավոր գրքեր կան, կարող ես կարդալ»,— նկատեցի ես։— Գրքի մեջ գրածի և աչքով տեսածի մեջ մեծ զանազանություն կա», — ասաց նա։ — «Վերջապես ի՞նչ նպատակ կա դրանում»,— հարցրի ես, փոքր-ինչ վիրավորվելով նրա ծածկամտությունից։ Նա բավական սառն կերպով պատասխանեց.