Էջ:Raffi, Collected works, vol. 5 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/438

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

թե չգիտես, որ հայերը սիրում են գաղթականություն, մի՞թե չգիտես, որ գաղթականությունը մեր ազգի կյանքում մի պատմական երևույթ է, որ կրկնվել է ամեն դարերում և շարունակվում է մինչև այսօր։ Ուրեմն, մեզ պետք չէ՞ ուսումնասիրել գաղթականության պայմանները, նրա հետևանքները, մի խոսքով, նրա բոլոր լավ և վատ կողմերը։ Եվ ո՞րտեղ կարող ենք ավելի հիմնավոր կերպով ուսումնասիրել, եթե ոչ այստեղ, որ գաղթականների մի ընդարձակ աշխարհ է»։

— Ես Կարոյի նամակի պատասխանը գրեցի, հայտնելով գլխավորապես այն միտքը, թե նա մեր երկու բարերաների— որսորդ Ավոյի և մստեր Ֆիշերի— հույսերը արդարացրած չի լինի, եթե չի վերադառնա իր հայրենիքը, և իր ստացած ուսումը իր հայրենակիցների օգտին չի ծառայեցնի և այլն։ Ինչպես երևում է, իմ նամակը ազդել էր նրա վրա։ Ամիս չանցավ, նա կրկին հայտնվեցավ Նյու—Յորքում և իր բարեկամներին մեծ ուրախություն պատճառեց։ Բայց նա այլևս առաջվա Կարոն չէր։ Հաճախ տեսնում էի նրան լուռ, մտախոհ և վրդովված տրամադրության մեջ։ Ի՞նչ էր պատահել նրա հետ։ Այդ մասին ոչինչ չէր ասում։ Ինձ թվում էր, որ նա մինչև անգամ աշխատում էր խույս տալ ինձանից, և ավելի տեսակցում էր Ռաֆայելի ու Սաքոյի հետ։ Մի անգամ երեքն էլ եկան ինձ մոտ։ Իսկույն հասկացա, որ մի բան կա։ Մի քանի րոպե լուռ մնացին, հետո Կարոն ասաց.— «Մենք գնում ենք»։ ««Ո՞ւր — հարցրի ես զարմանալով»։— «Բավական է որքան մնացինք այստեղ, գնում ենք մեր հայրենիքը»։ Ես մտածեցի, որ դրանք որքան կարող էին սովորել, սովորեցին, և եթե ավելի ևս մնալու լինեին, գուցե մի ուրիշ հոսանքի մեջ կնկնեին, այդ պատճառով ես էլ բարվոք համարեցի, որ գնան։— «Մստեր Ֆիշերը իմանո՞ւմ է»,— հարցրի ես։— «Իմանում է»,— պատասխանեց Կարոն:— «Իսկ դու մեզ հետ չե՞ս գալու»։ Ես բացատրեցի, որ ինձ անկարելի է նրանց հետ ուղեկից լինել, որովհետև դեռ մի տարի մնում է, մինչև մասնագիտությունս կվերջացնեի։ «Ո՞ր ճանապարհով եք գնում»,— հարցրի ես։— «Այն ճանապարհով, որ բերեց մեզ այստեղ»,— պատասխանեց Կարոն խորհրդավոր ձայնով։— «Ուրեմն Հնդկաստանո՞վ, Ավղանստանո՞վ»,— կրկնեցի իմ հարցը։— «Այո՛» ,— ասաց Կարոն։

— Այդ խոսակցությունից մի շաբաթ հետո, Նյու-Յորքի հյուրանոցներից մեկում ճաշ էր պատրաստված։ Սեղանի շուրջը բոլորել էին այն ընտանիքները, որ որդեգրել էին մեզ և որոնց բարերարությամբ