Էջ:Raffi, Collected works, vol. 5 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/439

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մենք ուսում ստացանք: Նրանց թվումն էր և մստեր Ֆիշերը: Անկարելի էր նկարագրել ազնիվ ծերունու ուրախությունը: Նա այսօր պետք է ճանապարհ դներ իր սրտին շատ մոտ գաղափարի արդյունքը դեպի հեռավոր Ասիա: Սեղանի մի կողմում շարքով նստած էին ճանապարհորդները` Կարոն, Սաքոն և Ռաֆայելը։ Ես, իբրև մնացող, նստած էի մստեր Ֆիշերի մոտ։ Կարոյի բարերարի քույրը շաքարից և զանազան քաղցրավենիքից շինել էր տվեք մի բիբլիական նշանաբան, որ դրած էր սեղանի վրա։Մենք ամենքս ուտում էինք, խմում էինք, նայում էինք այդ շաքարեղեն լեռան վրա: Կենացները, բարեմաղթությունները չափ ու սահման չունեին: Այստեղ վերջին անգամ մեզ երգել տվեցին հայ պանդուխտի երգը։ Ճաշը վերջացավ մստեր Ֆիշերի ճառով, որի մեջ բացատրեց նա գիտության բարձր նշանակությունը, և դառնալով դեսլի ճանապարհորդները, խոսեց նրանց, թե որքան մեծ պարտականություններ ունեն նրանք կատարելու թե՛ դեպի գիտությունը և թե՛ դեպի այն ժողովուրդը, որի մեջ գնում են նրանք և որը կարոտ է գիտության։ Կարոն իր ընկերների կողմից պատասխանեց նրա ճառին, և հանդիսավոր կերպով ուխտեց, որ թե՛ ինքը և թե՛ իր ընկերները միշտ հավատարիմ կմնան գիտության և կարդարացնեն իրանց բարերարների ցանկությունները։ Ճաշից հետո մենք ամենքս կառքերով գնացինք մինչև երկաթուղու կայարանը, և այնտեղ, համբուրվելով, բաժանվեցանք միմյանցից։ Վագոնները շարժվեցան, նրանք դեռ նայում էին լուսամուտներից, ճոճում էին իրանց գլխարկները, իսկ ամերիկացի աղջիկները, երկար կանգնած, իրանց թաշկինակներով ողջույններ էին ուղարկում նրանց ետևից։

— Պետք է ասած, որ մեր երիտասարդները լավ անուն թողեցին։ Նրանք սիրված էին բոլոր ընտանիքների մեջ, ուր ծանոթություններ ունեին, երկար չէին մոռանում նրանց, հիշում էին նրանց խոսքերը, հիշում էին հայ պանդուխտի երգը և միշտ հարցնում էին ինձանից, արդյոք նամակ չունե՞մ նրանցից։ Բայց անցան ամիսներ, անցավ ավելի քան մի տարի, ես ոչինչ լուր չունեի։ Ես արդեն վերջացրել էի ուսումս, պատրաստվում էի հայրենիք վերադառնալ, երբ Բաթավիայից ստացա մի նամակ, որը ավելի մի փոքրիկ գրքույկ կարելի էր կոչել, քան թե նամակ։ Գրում էր Ռաֆայելը։ Անկարելի է նկարագրել, թե ո՛րքան տխրությամբ կարդացի ես այդ նամակը, որի մեջ իմ ընկերների ամբողջ ապագան փչացած էի տեսնում։ Բայց նախ քան նամակի