Էջ:Raffi, Collected works, vol. 5 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/441

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

որոնք ԺԸ-րդ դարու սկզբում թողեցին Սպահանը և գաղթեցին Ջավա կղզու վրա: Բացի Բաթավիայից, որ կղզու մայրաքաղաքն է, Ջավայի մյուս փոքրիկ քաղաքներում ևս, ինչպես են` Սուրբայիա, Չրիբոն, Թըգալ, Բանիումաս, Ջըպարա, Սրմարանգ և այլն, կային նույնպես հայ գաղթականներ, որ ապրում էին հոլանդացոց իշխանության ներքո և պարապում էին հողային արդյունագործությամբ: Անջատված լինելով Հայաստանից, այդ հեռավոր կղզու վրա դեռ նրանց մեջ վառ էր պահված սերը` թե՛ դեպի իրանց ազգը և թե դեպի իրանց հայրենիքը: Եթե հեռվից այլ կերպով չէին կարողանում օգնել իրանց ազգին, բայց փող չէին խնայում: Կարոն ծանոթանում է կղզու հարուստներից մի քանիսի հետ: Այստեղից երեքը միասին անցնում են Հնդկաստանի մյուս քաղաքները, և ամեն տեղ, ուր հայ գաղթականներ էին բնակվում։ Լինում են Կալկաթայում, Սինգապուրում, Դաքայում, Չիչրայում, Մադրատում, Բասրայում, Սուրաթում, Բոմբայում և ուրիշ շատ տեղերում: Տարածվելով Հնդկաստանի ընդարձակ թերակղզու վրա, հայ գաղթականները իրանց ձեռքն էին առել երկրի վաճառականությունը ու հարստությունը։ Փողի հարստության հետ, նրանք պահպանել էին և ազգային զգացմունքների հարստությունը, որի ապացույցը կարող են լինել այն նշանավոր բարեգործությունը, որ զանազան ժամանակներում կատարել են Հնդկաստանի հայերը։ Գուալիերում մեր երիտասարդները ծանոթանում են հայազգի զորապետ Կոռնել Հակոբի հետ, որ մեծ դեր էր խաղում։— Կարոն դեռ Ամերիկայում եղած ժամանակ, երբ խոսվում էր Հնդկաստանի հայերի մասին, նա միշտ այն միտքն էր հայտնում, թե Հնդկաստանի հայերին, չնայելով նրանց հարստությանը, պետք է կորած համարել։ Նա ասում էր, թե հայ գաղթականները, փոքրիկ խումբերով, ցրված լինելով թերակղզու զանազան տեղերում, միմյանցից հեռու, միմյանցից անջատված, առանց որևէ կապի, այսպես կարող են մի ժամանակ կլանվել, անհետանալ ուրիշ ավելի զորեղ տարրերի մեջ։ Եվ որպեսզի այդ վտանգի առաջն առնվի, անհրաժեշտ է, նրանց բոլորին ի մի խմբել և կազմել մի ազատ, անկախ գաղթաշենք։ «Ինչո՞ւ,— ասում էր նա,— եվրոպացի մի սափրիչ մի խումբ սրիկաներով կգա Հնդկաստան, մի տեղ կգրավի և իր համար ազատ գաղթաշենք կհիմնե, իսկ հայերը իրանց հարուստ խելքով ու հարուստ քսակով մի այդպիսի բան չե՞ն կարող անել»։— Այդ Կարոյի մտածության վաղեմի ցնորքն էր։ Եվ այս նպատակով նա իր ընկերների հետ թափառում էր Հնդկաստանի թերակղզու վրա, և անցավ