Էջ:Raffi, Collected works, vol. 5 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/442

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մինչև Բիրմանիայի պետությունը: Բայց այդ նպատակին հասնելու համար, հարկավոր էր, որ մի այսպիսի գաղթաշենքի հիմքը իրանք դնեին, որտեղ, իբրև կենտրոն, հետզհետե հավաքվեին զանազան տեղերում սփռված մյուս գաղթականները։ Իսկ մի ազատ գաղթաշենք հիմնելու համար, նախ հարկավոր էր մի երկիր գրավել, և այդ գուցե առանց արյան չէր կարող հաջողվիլ: Բայց Կարոն և նրա ընկերները կարողացել էին մի բան հաջողացնել: Պետք է ասած, որ այդ ժամանակներում անգլիացոց իշխանությունը դեռ շատ չէր տարածված Հնդկաստանի թերակղզու վրա, դեռ կային զանազան մանր հնդկական իշխանություններ, կային և բոլորովին ամայի, անտեր և անբնակ երկրներ: Այդ անբնակ երկրներից մի ամենահարմարը ընտրում են նրանք, պայման են կապում մի հարևան հնդիկ ռաջայի հետ և խոստանում են միմյանց փոխադարձ օգնականություն: Արդեն երկիր կա, իսկ այդ երկիրը լցնելու համար պետք էր ունենալ բնակիչներ, Կարոն մտաբերում է Ավղանիստում տեսած հայ-բոշաներին։ Այդ հալածական, տոկուն, ամեն կլիմայի դիմացող մոլաշրջիկների մեջ գտնում է նա մի ամենահարմար հասարակություն` մի ազատ գաղթաշենք հիմնելու համար, ընտելացնելով նրանց հաստատաբնակության և աշխատասեր կյանքի։ Այդ նպատակով թողնում են նրանք Հնդկաստանը և գնում են Ավղանիստան։ Հայ-բոշաներին գտնում են միևնույն անապատներում, որ առաջ տեսել էին։ Նրանց առաջին ջանքը լինում է` համոզել բոշաներին, որ հանձն առնեին մի այնպիսի հեռավոր գաղթականություն, հետո սկսում են նախապատրաստել ու վարժեցնել նրանց անձնապաշտպանության, որ եթե հարկ լիներ զենքի դիմել, բոլորովին անզոր չգտնվեին։ Այդ պատճառով նրանք բավական ժամանակ մնում են բոշաների մեջ։ Երևում էր, որ Կարոյին հաջողվել էր Հնդկաստանի հայերից նպաստներ ընդունել, եթե ոչ, մի այնքան բազմություն շարժել իր տեղից առանց ծախքերի չէր կարող լինել: Ամեն ինչ խոստանում էր հաջողություն, միայն բոշաները դեռևս տատանվում էին գաղթել մի հեռավոր աշխարհ, որ բոլորովին անծանոթ էր նրանց։ Այդ էր պատճառը, որ Կարոն ստիպված էր կրկին վերադառնալ Հնդկաստան, տանելով իր հետ բոշաների մի քանի գծավորներին, որ նրանք աչքով տեսնեին իրանց համար պատրաստված «ավետյաց երկիրը» և հավատային, որ այնտեղ ավելի լավ կանցներ նրանց կյանքը։— Այստեղ դու պետք է լսես մի սիրավեպ, Ֆարհատ, այդ հարկավոր է քեզ գիտենալ: Ինչպես ասացի, Կարոն իր ընկերների