հետ բավական ժամանակ մնում է բոշաների մեջ։ Մի այդպիսի ուրախ, մշտազվարթ և ջերմ կրքերով լի հասարակության մեջ, շատ բնական է, որ մեր երիտասարդների տնտեսական մեծ գաղափարները չէին կարրղ անցնել առանց սիրահարական մանր արկածների։ Մի սևաչյա աղջիկ գրավում է Կարոյի զգայուն սիրտը։ Կարոն խոստանում է նրան իր սերը և իր ձեռքը, խոստանում է փութով վերադարձ, և բոշաների ներկայացուցիչների հետ ճանապարհ է ընկնում։ Ռափայելը և Սագոն մնում են բոշաների բանակի մեջ։ Բայց մինչև Կարոյի վերադառնալը, պատահում է մի մեծ դժբախտություն։ Սկսվում է ավղանների և պարսից պատերազմը։ Պարսիկները հաղթում են, անցնում են ավղանների երկիրը, կողոպտում են, և միևնույն ասպատակության ժամանակ, հանդիպելով բոշաների բանակին, թալանում են նրանց, գերի տանելով բազմաթիվ կանայք և աղջիկներ, որոնց թվում գտնվում է և Կարոյի նշանածը։ Եվ երբ Կարոն, ուրախ, լի մեծամեծ հույսերով վերադառնում է Հնդկաստանից, գտնում է բոշաների բանակը ցրիվ եկած, և անապատում նրանց հետքն անգամ չէ տեսնում։ Կարող ես երևակայել Կարոյի դրությունը։ Մի ավղանցի, որ անապատում ուղտեր էր արածացնում, պատմում է նրան ցավալի եղելությունը։ Կարոյի նման մի ամուր բնավորություն միայն կարող էր դիմանալ մի այդպիսի ծանր հարվածի։ Նա միանգամից ունենում է երկու մեծ կորուստ, որ այնքան մոտ էին նրա սրտին, որ այնքան գրավել էին նրա մտածությունները,— մեկը՝ անկախ, ազատ գաղթականությունը Հնդկաստանում, մյուսը՝ իր սիրած աղջիկը… Երկար որոնումներից հետո, Քաբուլի հայոց եկեղեցու բակում գտնում է Ռափայելին և Սագոյին, հիվանդության մահճի մեջ դրված։ նրանց վերքերը դեռ չէին բժշկվել, որ ստացել էին պարսից սարվազների հարձակման ժամանակ։ Նրանցից տեղեկանում է Կարոն աղետալի անցքի մանրամասնությունները։ Նրանք պատմում են, թե հարձակումը տեղի ունեցավ գիշերով, իրանք խառնված լինելով կռվի մեջ, չկարողացան նկատել, թե ո՛վ հափշտակեց, կամ ո՛ր կողմը տարան նրա նշանածին։ Բայց երբ առավոտյան լույսը բացվեցավ, նրանք գտան իրանց վիրավոր ընկած, որոնց թշնամին սպանված համարելով, թողել, հեռացել էր։ Իսկ բոշաների մասին դեռ չգիտեին, թե ի՞նչ եղան, կամ ո՞ւր գնացին։ Կարոն մնում է վիրավորների մոտ, մինչև առողջանում են։ Հետո Սաքգոյին իր հետ առնելով, գնում է Պարսկաստան, իսկ Ռափայելը վերադառնում է Ջավա կղզին։— Ահա՛ այդ էր Ռափայելի նամակի բովանդակությունը
Էջ:Raffi, Collected works, vol. 5 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/443
Արտաքին տեսք