Էջ:Raffi, Collected works, vol. 5 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/446

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

այն անձանց համար, որոնք նվիրվում են ծառայելու հայրենիքին: Ով որ հայրենիք չի տեսել, չի ճանաչել, և կամենում է նրա համար մի ծառայություն անել, նման է այն դերձակին, որ մարդուն չտեսած, նրա չափսը չառած, նրա համար հագուստ է ձևում: Եթե դերձակը լավ արհեստավոր ևս լինի, բայց հագուստը կամ նեղ կդուրս գա` կամ լայն, կամ կարճ կդուրս գա` կամ երկար։ Մի խոսքով, այլանդակ բան կլինի։ Մի այդպիսի սխալի մեջ չընկնելու համար, ես ցույց տվի քեզ մեր հայրենիքը. շատ երևույթների պատճառները բացատրեցի քեզ, շատ տեղերի և շատ ցեղերի հետ ծանոթացար դու։ Ես ձգեցի քո մեջ ապագա հառաջադիմության սերմերը միայն։ Իսկ գիտության լույսը կծլեցնե, կաճեցնե և պտղաբեր կկացուցանե նրանց։ — Այդքանը բավական է, այժմ գնանք:

Մենք սկսեցինք ցած իջնել Աստղաբերդից։

— Ո՞ւր պիտի գնաս,— հարցրի նրանից։

— Հնդկաստան,— պատասխանեց նա:

— Ե՞րբ կվերադառնաս։

— Այդ ես էլ չգիտեմ։

— Գոնե ասա ինձ, թե ինչի՞ համար ես գնում։

— Այժմ հարկավոր չէ քեզ գիտենալ... Դու միայն կարող ես համոզված լինել, որ վատ բանի համար չեմ գնում:

«ՀԱՄՐԸ»

ԼԲ

Աստղաբերդից ցած իջնելով, շարունակեցինք մեր ուղին դեպի Առաքելոց վանքը, որ մոտավորապես երեք ժամի ճանապարհով հեռու է Մուշ քաղաքից, ընկնում է նրա արևելահարավային կողմը, Տավրոսե գեղեցիկ լեռնահովիտներից մեկի մեջ, բարձր դիրքի վրա։ ճանապարհին անցանք Մոգունք գյուղը, որի մերձակա մորուտների մեջ մի ժամանակ ձգեցին հինգ հարյուր մոգերի գլուխներ, այդ պատճառով և կոչվեցավ Մոգունք կամ «Մոգաց գերեզման»։

Երեկոյան կիսամռայլի միջից վանքի թանձր, ամրոցաձև շրջապարիսպը խիստ ճնշող տպավորություն էր գործում։ Ես պետք է մնայի փակված այդ պարիսպների մեջ։ Այդ միտքը ավելի ճընշող էր, ավելի ծանր էր...