Էջ:Raffi, Collected works, vol. 5 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/448

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Մամբրե Վերծանողը։ Հայաստանը հույն և հրեա սուրբերի անունով տաճարներ կանգնեց։ Բայց այն մարդը, որ իր գրքով ազատեց Հայաստանը պատմության մահից, որ կյանք և անմահություն տվեց նրան, ինքը մի փոքրիկ մատուռ անգամ չստացավ հայրենի աշխարհի գրկում... Այդ տապաններից փոքր-ինչ հեռու, մեկուսացած է մի այլ տապան, ավելի անխնամ, ավելի տխուր, քան թե առաջինները։ Լեռնային Հայաստանը իր լեռների ընտիր քարերից մեկն անգամ խնայեց դնել նրա վրա։ Անտաշ ապառաժների մի քանի բեկորներ ծածկում են պաշտելի մարդու սրտակոտոր դամբարանը։ Անբա՜խտ վիճակի, անբա՜խտ հակադրություն։ Այդ մարդը իր կյանքում իր ժամանակի կղերից հալածվեցավ, քարկոծվեցավ,— և այժմ նրա դամբարանը նույնպես ճնշված է անկարգ քարակույտի ներքո։ Բայց ամեն մարդ, երբ կլսե Ղազար Փարպեցու անունը, խոնարհությամբ ծունր կդնե և կհամբուրե նրա դամբարանի փոշիները... Այդ դամբարանի վրա հեռվից տխուր կերպով նայում են Սահակ և Համազասպ իշխանների շիրիմները...

Վանքի շրջակայքի հիշատակարանները այնքան ժամանակ խլեցին մեզանից, որ բոլորովին մութն էր, երբ մտանք վանքը։ Վանահայրը չգտնվեցավ. մեզ ասացին, որ նա գնացել է մերձակա գյուղը։ Ասլանը ուղղակի դիմեց դեպի խուցերից մեկը, որի նեղ լուսամուտից ճրագի լույս էր երևում։ Դուռը բաց էր թողած, օդ ներս տանելու համար։ Մի հասարակ, անգույն սեղանի վրա վառվում էր ճրագը և լուսավորում էր դեմքը մի վանականի, որ այդ միջոցին, սեղանի վրա թեքված, ինչ-որ գրում էր։ Սեղանի երեսը ծածկված էր գրքերով, որ անկարգ կերպով դիզված էին միմյանց վրա: Երբ նկատեց նա մեր ներս մտնելը, ամենևին չշարժվեցավ իր տեղից, միայն ձեռքը մեկնելով Ասլանին, սառն կերպով ասաց.

— Ես ձեզ սպասում էի, պարոն բժշկապետ։

Հետո, երբ նկատեց, որ մենք ոտքի վրա մնացինք, ավելացրեց.

— Իմ խուցը այնքան նեղ է և կարասիքը այնքան սակավ, որ չգիտեմ որտեղ հրավիրեմ ձեզ նստելու։

— Դուք հանգիստ եղեք, մենք նստելու տեղ կգտնենք,— ասաց Ասլանը և, նրա մահճակալի վրայից անկողինը մի կողմ հավաքելով, նստեց մերկ տախտակի վրա, ինձ ևս հրավիրեց տեղավորվել իր մոտ։

Եվ իրավ, երբ աչք ածեցի իմ շուրջը, տեսա, որ նրա խուցի մեջ, բացի գրասեղանից և նրա հանդեպ դրած բազկաթոռից, որի վրա նստած էր այդ կրոնավորը, և բացի մահճակալից, որի վրա