Էջ:Raffi, Collected works, vol. 5 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/449

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

տեղավորվեցանք մենք, այլևս ուրիշ կարասիք չկային։ Համեմատելով մյուսների անշքության հետ, բազկաթոռը մի փառավոր հակապատկեր էր ներկայացնում։ Նա շինված էր ծանր, ամուր փայտիք և զարդարած էր գեղեցիկ քանդակներով։ Փայտի բնական մուգ գույնը, հնությունից ավելի մթնանալով, խիստ վայելուչ տեսք էր տալիս նրան։ Երբ կրոնավորը նկատեց, որ ես հետաքրքըրությամբ նայում եմ բազկաթոռի վրա, ժպտալով ասաց ինձ.

— Այս բազկաթոռը ես գտա ամբարանոցում, ուր ձգել էին վանքի կոտրատված երկրագործական անոթների մեջ։ Հին եպիսկոպոսներից մեկի բազկաթոռն է. երևի հեռու երկրներից ընծա է ուղարկված։

Այդ կրոնավորի հագուստով երիտասարդը երեսուն և վեց տարեկան հազիվ կլիներ, թեև նրա մորուքը և գլխի խիտ մազերը ձյունի պես ճերմակել էին։ Այդ ճերմակության միջից դուրս էր նայում մի գունաթափ, հիվանդոտ դեմք, խորն ընկած աչքերով, որոնք վառվում էին անբնական փայլով։ Ի՞նչն էր այնպես վաղ ծերացրել նրան, ի՞նչն էր այնպես մաշել ու տրորել նրան։ Ոտքերի սրունքները չէին խոնարհվում նրան և, ջլատված մարդու ոտքերի նման, դողդողում էին։ Երևում էր, որ երկար տարիներ այդ սրունքները կրել էին իրանց վրա մի ծանրություն,— երկաթի՛ ծանրություն... Նա խոսում էր, և երկարատև հազը իսկույն ընդհատում էր նրան,— մի խուլ և խռպոտ հազ, որ լսվում էր կուրծքի խորքից։ Ինձ այնպես էր թվում, որ կոտրած կարասի միջից էր լսվում այդ ձայնը։ Ասլանը խորին ցավակցությամբ նայում էր նրա վրա և չէր կարողանում իր տխրությունը ծածկել։ Նայում էր բժշկի աչքով, նայում էր բարեկամի աչքով, և դառն կերպով հոգվոց էր հանում։

— Ես հույս ունեի ձեզ վարդապետ տեսնել,— ասաց նա, դառնալով դեպի նվաղած երիտասարդը։

— Կարծում եք, թե հե՞շտ էր այդ,— հարցրեց նա, փոքր-ինչ զայրացած, բայց դողդոջուն ձայնով։

— Մեզ վարդապետ լինելու համար շատ բան է հարկավոր սովորել... Մեզանից պահանջում են այն բոլորը, ինչ որ մոնթ կամ մի տիրացու` սկսյալ մանկությունից մինչև իր ձեռնադրվելը` սովորել է...

Հազը արգելեց նրան շարունակել, չարագուշակ հազը տևեց մի քանի րոպե, երբ փոքր-ինչ հանգստացավ, շարունակեց.

— Այո՛, շատ բան է հարկավոր սովորել... և՛ սաղմոսներ պետք է անգիր գիտենալ, և՛ աղոթքներ պետք է անգիր գիտենալ,