Էջ:Raffi, Collected works, vol. 5 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/451

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Մի քանի անգամ գյուղեր գնացի,— ասաց նա,— փորձեցի խոսել գյուղացիների հետ։ Ես, որ մեր ժողովների մեջ, ամբողջ ժամերով կանգնած կխոսեի, և իմ խոսելու նյութը երբեք չէր սպառվի, — հավատացեք, որ գյուղացիների մոտ նյութ չէի գտնում խոսելու: Նրանց լեզուն չգիտեի, նրանց հասկացողության համեմատ բառեր, դարձվածներ պակասում էին ինձ։ Շատ անգամ մի առակ, մի առած, մի նահատակի պատմություն շատ բան է սովորեցնում գյուղացուն, քան թե մեր ամբողջ փիլիսոփայությունները։ Դրա համար է, որ ինձ բոլորովին անպատրաստ եմ համարում այն կոչմանը, որ մտադիր եմ ընդունել... Պետք է նորից ամեն բան սովորել... Երբեմն այնպիսի հարցեր են առաջարկում, որ չես, կարողանում պատասխանել,— այդքանը բավական է, որ քեզ տգետի տեղ դնեին...

— Դուք այդ հոգսը ուրիշներին թողեցեք,— ասաց Ասլանը,— դուք զբաղվեցեք ձեր դրական վաստակներով..

— Եթե թո՜ւյլ տային... Այդ վանքի վանահայրը հանգստություն չէ տալիս ինձ...

— Նրան կփոխեն... շուտով կփոխեն...

— Դա մի բարություն կլիներ ինձ համար...

— Նրա տեղ «մերոնցից» մեկին կդնեն....

— Ավելի լավ...— ասաց նա, և նրա դեմքը ուրախությունից փայլեց։

— Դուք մի բան գրո՞ւմ եք այժմ:

— Ոչինչ չեմ գրում: Երբեմն միայն անկապ նկատողություններ եմ անում։ Եթե շուտ չեմ մեռնի, գուցե ժամանակով այդ նկատողությունների հավաքածից մի բան կդուրս գա... Բայց ինձ պակասում են գրքեր, գրքերի սաստիկ կարոտություն եմ զգում այստեղ...

— Շուտով դուք կունենաք մի լավ ծանոթ, — մխիթարեց նրան Ասլանը,— գրքերի կողմից նա կօգնե ձեզ, նրան հնարավոր է ամեն տեսակ գրքեր բերել տալ ձեզ համար։

— Ո՜վ է դա:

— Վենետիկի Մխիթարյանների աշակերտներից մեկը։ Շատ պատվական երիտասարդ է։

— Այո՛, հիշեցի... նրա մասին ինձ գրել էին... Նա եկա՞վ:

— Եկավ։ Այժմ Մուշի մեջ է գտնվում։

Նա ուշադրություն դարձրեց իմ վրա։

— Ո՞վ է այդ պատանին։