Էջ:Raffi, Collected works, vol. 5 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/453

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Անշուշտ մի լավ հարված կստանայի, եթե չշտապեի ասել նրան.

— Քn աղան սուրճ է պահանջում։

Նա բարկացած նայեց իմ երեսին և մրթմրթաց.

— Դե՛ այդպես ասեիր, էլ ո՞ւր ես քնած մարդուն գժվացնում...

Կարծես թե ես կարող էի նրա քնած ժամանակ հասկացնել, թե աղան ի՞նչ է պահանջում: Ես իսկույն ճանաչեցի, թե ում հետ գործ ունես, կամ ով պետք է լինի իմ ապագա ընկերը։ Հենց առաջին անգամից մեր մեջ երկպառակություն ծագեց։

Նա, առանց իմ վրա նայելու, մոտեցավ, ճրագի լույսը ավելացրեց, հետո գնաց բուխարու մոտ, սկսեց կրակ վառել։ Այնտեղ ածած փայտի կտորտանքը այնպես էր ձեռքով ճղոտում, կարծես մատները երկաթից շինված լինեին։

Ես մտածեցի, որ այդ տեսակ գժերը իրանց թույլ կողմերը կունենան, այդ մտքով վեր առի նրա մահակը և, ճրագի լույսի առջև նայելով, ասացի նրան.

— Ի՜նչ լավ մահակ ունես։

Նա մոռացավ սուրճը, թողեց կրակը և մոտեցավ ինձ։ Իմ նկատողությունը հաճոյական երևաց նրան։

— Ի՞նչ փայտից է։

— Հոնի փայտից է, ինքս եմ կտրել մեր անտառներից,— պատասխանեց նա մի առանձին պարծենկոտությամբ: — Մի քուրդ մի ոչխար տվեց, չտվեցի։ Ինքս եմ տաշել, ինքս եմ այսպես կոկել:

— Շատ լավ փայտ է։ Դու ո՞րտեղացի ես։

— Չե՞ս իմանում։ Շատախցի։

Կարծես թե շատախցուն ամեն մարդ պետք է ճանաչեր։ Ես սկսեցի նրա հետ հանաքներ անել։

— Այն աղբյուրի ջրից խմե՞լ ես։

— Ո՞ր աղբյուրի։

— Այն աղբյուրի, որ մարդիկ խմում են ու խելոքանում են։

Նա ծիծաղեց։ Շատախցոց տարօրինակ գժությունները վերաբերում էին իրանց երկրում գտնված մի հայտնի աղբյուրի ջրին։ Մենք արդեն մտերմացանք։

— Ի՞նչպես եղավ, որ եկար այստեղ։

— Իմ աղան առաջ Շատախումն էր կենում, երբ ինքը եկավ, ինձ էլ բերեց իր հետ։

Ես հիշեցրի նրան, որ կրակը պատրաստ է, ժամանակն է