Էջ:Raffi, Collected works, vol. 5 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/454

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

դնել կրակի վրա։ Նա աղյուսի երկու կտորներ դրեց կրակի այս և այն կողմերը և, սրճամանը ջրով լցնելով, դրեց նրանց վրա, և դարձյալ մոտեցավ ինձ։

— Քո աղան լա՞վ մարդ է,— հարցրի նրանից:

— Եթե վատ լիներ, մոտը կկենայի՞,— պատասխանեց նա, իմ հարցմունքի վրա զարմանալով։

— Եթե հայրս էլ վատ լիներ, մոտը չէի կենալ։

— Քեզ չի՞ նեղացնում։

— Ինչո՞ւ պետք է նեղացնե։ Մի այնպիսի լավ մարդ է, եթե տամ, կուտե, եթե չտամ, ձայն չի հանի։ Հիմա եթե ուզենամ, սուրճը չեմ տանի։ Նա չի բարկանա։

— Բայց դու էլ պետք է այնպես անես, որ նա չբարկանա։ Այդ լավ չէ։

— Գիտեմ, որ այդ լավ չէ։ Ես էլ միշտ այնպես եմ անում, որ նա չբարկանա։ Ամեն բան իմ ձեռքումն է։ Փողը սեղանի վրա դրած է, ինչքան որ կամենամ, կվեր առնեմ. նա չի հարցնի, թե ի՞նչ արեցիր։

— Իհարկե, դու նրա փողը խո քեզ համար չե՞ս վեր առնի:

— Իհարկե չեմ վեր առնի։ Եթե նա չէ հարցնում, աստված խո մի օր կհարցնի։ Երբ որ նա հազում է, իմ սիրտը կրակ է լցվում. շատ է հազում, չեմ իմանում, ինչո՞ւ է այնքան հազում նա...

Վերջին խոսքերի միջոցին նրա ուժեղ ձայնը դողաց և մատներով սրբեց աչքերը։ Երևում էր, որ այդ խենթը սիրում էր իր պարոնին։ Ես նրան հիշեցրի, որ ջուրը եփ է գալիս։ Նա մոտեցավ վառարանին, սրճամանի խուփը վեր առեց և, մի ձեռքով բռնելով նրա կոթից, մյուս ձեռքով սկսեց ծեծած ղահվե ածել եռացող ջրի մեջ, որ իսկույն փրփրեց։ Հետո դրեց սրճամանը կրակից փոքր-ինչ հեռու, որ հանգստանա, և սկսեց ֆինջանները մաքրել։

Ես զարմանում էի, թե ինչպես չէր հետաքրքրվում հարցնել ինձանից, թե ես ո՞վ եմ, ո՞րտեղից եմ եկել, կամ ի՞նչպես հայտնվեցա նրա սենյակում։ Նա այնպես էր վարվում ինձ հետ, որպես թե ես նրա վաղեմի ծանոթը լինեի:

— Ես այստեղ պետք է մնամ, քո պարոնի մոտ,— ասացի նրան։ Նա ուրախացավ։

— Ի՞նչ պետք է շինես,— հարցրեց, թողնելով ֆինջանները և մոտենալով ինձ։

— Պետք է կարդալ սովորեմ։