Էջ:Raffi, Collected works, vol. 5 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/455

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Հա′, նա կարդալ շատ է իմանում: Միշտ գրում է, միշտ կարդում է։

Նրա մեջ դարձյալ խաղաց խենթության քամին։ Չնայելով, որ իմ և նրա պարապմունքները բոլորովին տարբեր պետք է լինեին նրա պարոնի մոտ, բայց նա, ինչպես երևում էր, գտավ իմ մեջ իր ապագա ախոյանին և, մոտենալով ինձ, բռնեց իմ թևքից, ասելով.

— Եկ, ուժներս փորձենք։

Նա մրցությունը միայն ուժի մեջ էր ճանաչում։ Առանց իմ համաձայնությունը առնելու, մի պատրաստված ըմբիշի նման, երկու ձեռքով բռնեց իմ մեջքից, կամենում էր բարձրացնել և գետին խփել։ Հակամայից ստիպվեցա ընդդիմանալ։ Ուժերի հավասարակշռության պատճառով, երկար մենք միմյանց հրհրում էինք, մինչև երկուսս էլ ընկանք նրա մահճակալի վրա։ Տախտակները ճռճռացին, և մահճակալը փշրվեցավ մեր հարվածի ծանրության ներքո։ Նա կատաղած վեր կացավ, առաջարկեց նորից սկսել գոտեմարտությունը։ Ես հրաժարվեցա, մանավանդ երբ նկատեցի, որ մեր ընկնելու միջոցին դիպանք պատի մոտ դրած մահակին, որը իր տեղից սաստկությամբ դուրս թռավ, և զարկվելով կրակի մոտ դրած սրճամանին, ջուրը վիթվեցավ կրակի վրա, և մոխրախառն գոլորշին լցրեց փոքրիկ սենյակը։

Կարող եք երևակայել իմ ամոթը և իմ քրտինքը։ Այդ իմ առաջին շնորհքն էր, որ ցույց տվի։ Իհարկե, կից սենյակում թե՛ Ասլանը և թե՛ Համրը կլսեին մեր աղմուկի ձայնը։ Ի՞նչ կմտածեր Ասլանը, ի՞նչ կմտածեր Համրը։ Դեռ ո՜րքան անկիրթ էի ես, ո՛րքան տհաս էի։ Մի հասարակ, կիսավայրենի սպասավորի մոտ ինձ պահել չկարողացա։ Այդ անցքը, իմ կյանքում պատահած և վաղուց մոռացված շատ անցքերի թվում, մնաց ինձ համար անմոռանալի, որովհետև դա մի ապացույց էր, թե կրթության որ աստիճանի վրա էի գտնվում ես, երբ Ասլանը ինձ հանձնեց Համրին։

Մեր կատարած անկարգությունից հետո, փոքր էր մնում, որ պիտի տեղի ունենար մի այլ անկարգություն։ Համառ շատախցին չէր ուզում կրակ վառել և նորից սուրճ պատրաստել, և ոչ ինձ թույլ էր տալիս, որ ես պատրաստեմ։—«Աստված չկամեցավ,— ասում էր նա,— եթե աստված կամենար, սրճամանը չէր վիթվի»։ Նա մեր հիմարությունը հաշվի մեջ չէր դնում։

Կից սենյակից լսելի եղավ Ասլանի ձայնը, որ կանչում էր ինձ: Երբ մտա նրանց մոտ, փոքր-ինչ հանգստացա։ Երևում էր, որ նրանք մեր աղմուկի ձայնը չէին լսել, որովհետև ինձ ոչինչ