Էջ:Raffi, Collected works, vol. 5 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/457

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

որ ես նրան հանգստություն չտվի և, երբ մտանք մեր խուցը, անդադար նոր և նոր հարցերով ձանձրացնում էի նրան, չնայելով որ համրի սենյակից դուրս գալուց հետո, նա խիստ տխուր տրամադրության մեջ էր գտնվում։ Երևում էր, որ սիրելի բարեկամի տկարությունը տանջում էր նրան։

Վանքում ոչինչ ձայն, ոչինչ շշունջ չէր լսվում։ Խորին, բարեպաշտական լռության մեջ նիրհում էր ամեն ինչ։ Լուռ էին զանգակները, որ քարշ էին ընկած կիսակործան աշտարակների գլխից, լուռ էին վարսավոր ուռենու տերևները, որ հովանավորում էին մի քանի մոռացված շիրիմներ, լուռ էր և լուսինը, որ երբեմն հայտնվում էր և երբեմն թաքնվում էր սպիտակ ամպերի ետևում։ Ամեն ինչ լուռ էր, որպես խորին ինքնուրացություն, և այդ ինքնուրացության մեջ ես պետք է ապրեի, ես պետք է շնչեի, մի մարդու մոտ, որին «Համր» էին կոչում, որի մեջ ևս ամեն զգացմունքներ, ամեն մտքեր նույնպես լռում էին... Արթուն էր միայն չարագուշակ հազը, որ լսվում էր խորտակված, վշտահար կուրծքից...

— Նա հիվանդ է,— ասացի ես Ասլանին։

— Այո, հիվանդ է,— պատասխանեց նա տխուր ձայնով։

— Ինչո՞վ է հիվանդ։

— Բարակացավ ունի։

— Ո՞րտեղից է ստացել այդ հիվանդությունը։

— Նա երկար տարիներ տանջվել է բանտերում։ Հետո աքսորված է եղել մի ցուրտ երկրում...

— Ասում են, որ բարակացավ ունեցողները շատ չեն ապրում։ Նա իսկույն չպատասխանեց։ Րոպեական մտածությունից հետո ասաց.

— Դեռևս մի հայտնի վտանգ չէ նշմարվում։ Ես նրա կուրծքը քննեցի։

— Բայց, աստված մի արասցե, եթե նա...

— Դու այն ժամանակ կսովորես Արփիարի մոտ։ Ես այդ մասին նրա հետ կխոսեմ։

Արփիարը այնքան սիրելի էր դարձել ինձ, այնքան գրավված էի ես այդ ոգելից երիտասարդով, որ վերջին խոսքերը բոլորովին մխիթարեցին ինձ։

Համրի մոտ երկար մնալով, մենք չժամանեցինք վանքի հասարակաց սեղանատանը ընթրիք ուտելու։ Մեզ համար դրել էին մեր խուցի սեղանի վրա մի շիշ գինի, մի մեծ կտոր սառն միս և պանիր։ Թե՛ ես և թե՛ Ասլանը մի բան ուտելու ախորժակ չունեինք