Էջ:Raffi, Collected works, vol. 5 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/458

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

բայց ես խմելու սաստիկ ծարավ էի զգում։ Լցրեցի բաժակները Մուշի կարմիր, անուշահոտ գինիով, մեկը դրեցի Ասլանի առջև, մյուսը իմ առջև։ Նա վեր առեց իր բաժակը և, զարկելով իմին, լուռ տարավ դեպի շրթունքները։

Մեր խոսակցությունը կրկին դարձավ Համրի վրա։

— Առաջ նա ինչո՞վ էր պարապում,— հարցրի ես։

— Առաջ նա պարապում էր գիտությամբ,— պատասխանեց Ասլանը։— Նա լավ բնագետ է և մաթեմատիկոս։ Բայց հետո թողեց գիտությունը։

— Ինչու՞ թողեց։

— Նրա կարծիքով, մենք, հայերս, այնքան փոքր թվով պատրաստի մարդիկ ունենք, որ մենք պետք է խնայենք մեր ուժերը ավելի կարևոր պահանջների համար։ Եվրոպայում հազարավոր մարդիկ զբաղված են գիտությունով, նոր հետազոտություններ են անում, նոր գյուտեր են անում, և յուրաքանչյուր տարի գիտությունը հարստանում է բազմաթիվ նոր հրատարակություններով։ Մենք կարող ենք նրանց պատրաստած գրքերը թարգմանել կամ փոխադրել մեր լեզվով։ Գիտությունը ամեն ազգի համար նույնն է մնում։ Բայց կա մի բան, որ Եվրոպան չէ կարող մեզ տալ, որը մենք ինքներս պետք է ստեղծենք։

— Ի՞նչ բան է այդ,— հարցրի ես հետաքրքրությամբ։

— Ազգային բանաստեղծությունը, որ ամեն ազգ ինքը պետք է ստեղծե,-պատասխանեց նա, խմելով իր բաժակի մնացած մասը։— Համրը թողեց գիտությունը և սկսեց բանաստեղծությամբ պարապել։ Նա բնական տաղանդ ուներ և թեթև, սահուն լեզու։ Գրում էր ոտանավորներ, գրում էր զանազան պատկերներ, գրում էր և վեպեր։ Նրա աշխատությունները մի քանիսը տպվեցին, և կարդացվում էին մեծ ախորժանոք։ Բայց շատերը անտիպ մնացին և դրավվեցան նրա կալանավորվելու միջոցին։

— Ոչնչացրի՞ն։

— Ո՞վ է իմանում։ Բայց մենք զրկվեցանք մի բանաստեղծ-վիպասանի ամենագեղեցիկ վաստակներից։ Դա աոաջինն էր մեր մեջ, որ թողեց երևակայական աշխարհը և իր բանաստեղծություններին նյութ ընտրեց իրական կյանքը և նրա պետքերը։ Դա առաջինն էր մեր մեջ, որ իր վեպերի մեջ սկսեց նկարագրել ճնշված, հարստահարված մարդու թշվառությունները։ Դա աոաջինն էր մեր մեջ, որ մի կողմ ձգեց վարձկան-բանաստեղծի շողոքորթող բուրվառը