Էջ:Raffi, Collected works, vol. 5 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/459

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

որ դարերով խնկարկում էր մեծատունին և հզորին, և սկսեց երգել շինականի աղքատ խրճիթի տառապանքները։

Ես կրկին ածեցի նրա բաժակը։ Նա շարունակեց.

— Ես մասամբ արդարացնում եմ Համրի կարծիքը բանաստեղծության մասին, թեև նա միակողմանի է։ Իրավ է, բանաստեղծությունը և առհասարակ բոլոր գեղարվեստական գրվածքները՝ ազգի թե՛ ոգևորողը և թե՛ ղեկավարողը պետք է լինեն։ Գիտությունը չոր ու ցամաք սնունդ է տալիս մարդկանց մտքերին, բայց բանաստեղծությունը կենդանացուցիչ սնունդ է տալիս նրանց սրտերին, հոգուն, երևակայությանը։ Բանաստեղծը ստեղծում է ժողովրդի համար իդեալներ, բարձր հանրամարդկային իդեալներ։ Եթե ներկայի մեջ չէ գտնում իր իդեալների տիպարները, նա մտնում է պատմության խորքը՝ և ժամանակների հնությունից դուրս է կոչում իր ցանկացած հերոսներին, և նրանց պատկերները՝ իրանց վսեմ գործերի նկարագիրներով՝ դնում է ներկա սերունդի առջև, որ նրանցից օրինակ առնեն և նրանց նման լինեն։ Նա ստեղծում է այնպիսի տիպարներ, որոնք ներկայի մեջ դեռ ծնված չէին, այլ ապագայում պետք է հայտնվեին։ Նրա սուր աչքերը տեսնում են ներկայի մեջ այդ չծնված տիպարների ամենափոքրիկ նշմարները միայն։ Նա մարգարեի հոգվով նախատեսում էր, թե տարիներից, գուցե դարերից հետո՝ որպես այդ նշմարները իրանց սաղմնական դրությունից կաճեն, կզարգանան, կկերպարանագործվեն և կատարյալ ձև ու կազմություն կստանան,— և նրանց պատկերները կանխապես նկարում է և դնում իր ժամանակի հասարակության առջև։ Ճշմարիտ բանաստեղծը գիտե անցյալը, գիտե ներկան, գիտե և ապագան։ Ժամանակները նրա ձեռքումն են։ Յուր հերոսներից մեկի թերությունները նա լրացնում է մյուսից առած հատկություններով, և ներկայացնում է իբրև կատարելագործված տիպարներ։

— Մենք ամեն ինչ դպրոցից ենք սպասում,— շարունակեց նա,— բայց ժողովուրդը ինքը մի մեծ դպրոց է, որին պետք է կրթել, որին պետք է ուղղություն տալ, որի մեջ պետք է զարգացնել առողջ մտքեր, բարձր գաղափարներ, որի մոլորությունները և կեղտը պետք է մաքրել։ Իսկ դա այլ կերպ չէ կարող լինել, եթե չենք տա նրա ձեռքը ընթերցանության գրքեր։ Եվ այգ գրքերից ամենազորեղ կերպով ազդում է նրա վրա վեպը, բանաստեղծությունը։ Մի լավ գիրք կարող է փրկել մի ամբողջ ազգ։ Այդ կետից, Համրի հայացքները բոլորովին ճիշտ են։ Ինչ ազգ բանաստեղծություն