Էջ:Raffi, Collected works, vol. 5 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/460

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

չունի, նա հազիվ թե ընդունակ կլինի իր համար մի բարվոք դիրք ստեղծել մարդկային հասարկությունների մեջ։

— Նա ասաց, որ այժմ մի բան է գրում, ի՞նչ է գրում— հարցրի ես։ — Հայոց եկեղեցական պատմություն է գրում, թե ինչ փոփոխության է ենթարկվել հայոց եկեղեցին, սկսյալ Աբգարի օրերից, երբ առաջին անգամ մտավ քրիստոնեությունը Հայաստանում, մինչև մեր օրերը։ Եվ գլխավորապես պետք է բացատրե, թե ի՞նչ կազմակերպություն ուներ Լուսավորչի հիմնած եկեղեցին։

— Ուրեմն այլևս վեպեր չէ՞ գրում։

— Գիտե՞ս, նա իր կյանքում շատ է տանջվել, շատ նեղություններ է կրել։ Նրա կյանքը անցել է մի շարք հալածանքների միջից։ Այդ բոլորը մի կողմից, ստացած հիվանդությունը մյուս կողմից, նրան ձգեցին մի տեսակ սրտատոչոր մելամաղձության մեջ։ Նա սկսեց ինքնամոռացության մեջ հանգստություն որոնել, և հանձն առեց մի այդպիսի դժվարին աշխատություն, որպիսին է եկեղեցական պատմությունը, որ ավելի մտածություն է պահանջում, քան թե երևակայության բանաստեղծական թռիչքը։ Նրա վանք մտնելը և հոգևոր կոչման ցանկությունն անգամ մի տեսակ քմահաճություն է, ինչպես եկեղեցական պատմություն գրելը, որ հետևանք է նույն մելամաղձական դրության։ Նա կամենում է մոռանալ իրան, և նետվում է ամենադժվարին աշխատությունների մեջ, որ ամբողջովին կլանեն նրա մտածությունները։ Բանտի մեջ սկսեց եբրայեցերեն սովորել, Հին Կտակարանի հետ լավ ծանոթանալու համար։ Նա իսկապես շատ դժբախտ մարդ է... Նրա մուզան երբեք կյանքի քաղցրություն չէ ճաշակել... Տխու՜ր և դա՜ռն կերպով անցել են նրա օրերը…

Համարյա ամբողջ գիշերը անցուցինք մենք խոսելով․ իմ քունը չէր տանում։ Ասլանը նույնպես գտնվում էր մի տեսակ գրգռված դրության մեջ, որ հատուկ է այն րոպեներին, երբ մարդ պետք է բաժանվե իր սիրելիներից և բաժանվե երկար, շատ երկար ժամանակով…

Առավոտյան պետք է նա ճանապարհ ընկներ։ Վանքի դռան մոտ սպասում էր նրա ձին։ Համրը դուրս չեկավ իր խուցից։ Ասլանը ինքը գնաց նրան մնաք բարյավ ասելու։ Հետո մենք միասին ոտով գնացինք մինչև Խորենացու գերեզմանը։ Այստեղ կանգնեցրեց ինձ նա, այստեղ գրկվեցավ, համբուրվեցավ ինձ հետ, և այստեղից, իր ձին նստելով, ճանապարհ ընկավ։ Ես երկար նայում էի