Էջ:Raffi, Collected works, vol. 5 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/466

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կատուն արժեք ուներ, բայց մարդկանց որդիները արժեք չունեին։ Փողոցները ծածկված էին նվազած, գունատված սովալլուկներով։

Ամեն կողմից վատ լուրեր էին լսվում։

Մուշ քաղաքի մեջ սովատանջները հարձակվել էին արքունի հացի ամբարների վրա, և բոլորը հափշտակել էին։ Վանի մեջ հրդեհել էին հազարից ավելի խանութներ և վաճառքները կողոպտևլ էին։ Այն գիշերը հեռու տեղերից եկած գյուղացիներ, քաղաքի պարիսպների մոտ բեռնավորում էին իրանց գրաստները հափրշտակած կողոպուտով։ Արտոս լեռան ստորոտներում, յուր չադրի մեջ, մի անհայտ չարագործ սպանել էր Նեհրիի նշանավոր շեյխին։ Մի քանի գողեր մտել էին Վանի Հայոց առաջնորդի քնարանը և դանակի ծայրը նրա կուրծքի վրա դնելով, սրբազանին բաց անել էին տվել ոսկիների սնդուկը։ Վանի ծովակի վրա երևացել էին ջրային ավազակների նավակներ։ Շատախի գայմագամի կնոջը, երկու երեխաների հետ, լեռների մեջ պահել էին, հազար ոսկի փրկանք էին պահանջում բաց թողնելու համար։ Կառավարությունը տագնապի մեջ էր. նա, ինչպես այլ խոսքով ասում են, գլուխը կորցրել էր, չգիտեր ի՞նչպես առնել չարիքի առաջը։ Մինչև մի տեղ հայտնված անկարգությունը խաղաղեցնում էր, նրա փոխարենը ուրիշ տեղերում, հայտնվում էին ավելի վատթար անկարգություններ։ Բաղեշում մի կին օր—ցերեկով մտել էր ոստիկանության սենյակը և ատրճանակով սպանել էր ոստիկանության պետին։

Վա՜տ էին ժամանակները, շա՜տ վատ։

Տեղ-տեղ պատահում էին ներքին կռիվներ, ներքին ընդհարումներ։ Տեղ-տեղ հայտնվում էին ասպատակների ստվար խումբեր, ոչնչացնում էին ամբողջ գյուղորայք, և դարձյալ ուրվականների նման աներևույթ էին լինում։ Մարդ չգիտեր, թե վտանգը որ կողմից է գալու, որ նրա համար պատրաստ լինի։ Բանտերը լցվում էին կալանավորներով, բայց անկարգությունը ավելի և ավելի աճում էր։ Վանի միջնաբերդի զինարանը, վառոդի մթերանոցները մի գիշեր դեպի օդը ցնդեցին։ Նույն գիշերը այրվեցավ փաշայի պալատի մի մասը։ Սպանությունները թիվ ու չափ չունեին։ Ամեն մարդ գիշերը սարսափելով էր յուր գլուխը դնում բարձի վրա, առանց հույս ունենալու, թե առավոտյան կենդանի կվեր կենա։ Կյանքի և կայքի ապահովությունը վտանգի մեջ էր։ Ամեն ոք յուր վերարկուի տակ սուր էր ման ածում, սպասելով, որ թշնամին ետևում կանգնած է։ Երբեմն ժողովրդի մեջ տարածվում էին զանազան լեզուներով տպված թղթի կտորներ։