Էջ:Raffi, Collected works, vol. 5 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/469

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

լույսով։ Երկու աշտարակները կազմում էին մի ամրոցի ճակատի երկու անկյունները։

Այդ երևույթը այնքան կարճատև եղավ, և այնպես շուտ անցավ, որ տեսնողը կկարծեր, թե երևակայության մի խարդավանք է։

Այդպես չկարծեց մենավոր պահակը։ Նա հանդարտ վեր կացավ յուր նստած տեղից, մոտեցավ ձիաներից մեկին և սկսեց սանձը գլուխը դնել։ Նրա սուլելու ձայնից՝ մինարեթի մեջ նստած մարդիկ՝ նույնպես ոտքի ելան և յուրաքանչյուրը լուռ մոտեցավ իր ձիուն։ Մի քանի րոպեից հետո ամբողջ ասպախումբը անհայտացավ գիշերային խավարի մեջ։

Ձյունը շարունակում էր տեղալ։ Այդ միջոցին բարձրացավ մի թեթև քամի, որ սկսեց տարուբերել ձնային հոսանքը։ Քամին հետզհետե սաստկանում էր, սպառնալով բուք, բորան։ Ցուրտը կարծես ածելիի նման կտրատում էր մարդու երեսը, ականջները, ձեռքերը։ Թուքը բերանի մեջ սառեցնելու չափ ցուրտ էր։

Փոթորիկը ավելի սաստկացավ։ Քամին մռնչում էր և պտտացնելով ձնային տարափը օդի մեջ, նույն մետաղական ձայնն էր հանում, որպես հնչում էր նա, երբ ուժգին սաստկությամբ անցնում էր արտերի հասունացած հասկերի վրայով։

Անցավ մի կամ երկու ժամ։

Նույն կողմում, որտեղ երևացին երկու ջահերը, այժմ տեղ—տեղ բարձրանում էին հազիվ նշմարելի կապտագույն բոցեր։ Երբեմն լսվում էր խուլ դղրդյուն։ Կարծես մի շինվածք քանդվում էր, քայքայվում էր։ Քամին խլացնում էր բոլոր ձայները, իսկ ձյունային փոթորիկը երբեմն ծածկում էր բոցերի նշույլները։ Բայց դարձյալ մերթ ընդ մերթ խավար մթնոլորտը լցվում էր միլիոնավոր հրեղեն կայծերով, որպես թե դրանք դուրս էին վազում մի ահագին հրանոթի բերանից։

Բոցերը, որ սկզբում հայտնվեցան զանազան կետերի վրա, հետզհետե աճելով մի քանիսը միախառնվեցան և կազմեցին լայնածավալ հրեղեն հոսանք։ Շրջակայքը լուսավորվեցավ։ Այժմ պարզ երևում էին բարձր պարիսպներ և բարձր աշտարակներ: Մի հին ամրոց այրվում էր ծառազարդ շրջապատի մեջ։

Կրակը խանգարեց սպիտակ աղավնիների գիշերային հանգստությունը, որոնք բույն էին դրած աշտարակների վերին դարանների մեջ։ Նրանք շփոթված, սարսափած դուրս թռան իրանց բույներից և խելագարի պես ճախրում էին, սավառնում էին աշտարակների