Jump to content

Էջ:Raffi, Collected works, vol. 5 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/47

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ոչ ոքի հետ չխոսեն, մինչև անգամ իրանց ծնողների հետ չխոսեն, միշտ լուռ ու մունջ լինեն (լռությունը ամենագլխավոր պայմանն է համեստության): Իսկ այդ գարշելիները չեն պահպանել իմ պատվերը:

— Դուք ի?նչպես իմացաք, որ չեն պահպանել:

Սովորական ժպիտը դարձյալ երևաց պատվելիի դեմքի վրա, և այս անգամ նրա կարմիր աչքերը բոլորովին անհայտացան հաստ կոպերի տակ: Երեսի վրա որքան կնճիռներ կային հավաքվեցան աչքերի շուրջը և նրանց ծածկեցին իրանց կոհակների ներքո:

— Ես, պարոն, ամեն բան գիտեմ և ամեն բան կարող եմ իմանալ,— պատասխանեց նա մի առանձին պարծենկոտությամբ:— Իմ աշակերտներից որի վրա կասկած ունեմ, թե նա չէ պահել իմ պատվերը, բերանը չափում եմ, իսկույն իմանում եմ, արդյոք նա դրսում խոսացե՞լ է, թե ոչ:

— Երևի, եթե խոսեցած լինի, բերանը կմեծանա:

— Այո՛, կմեծանա, իհարկե, կմեծանա, պարոն։

Ասլանը այս անգամ չկարողացավ զսպել իր ծիծաղը։ Պատվելին կարծելով, թե յուր գյուտը զարմացրեց նրան, ավելի խրախույս ստացավ, և դառնալով դեպի վարպետ Փանոսը, որ բոլոր ժամանակը լուռ էր, հարցրեց.

— Դուք վկայեցեք, վարպետ, թե ի՞նչպես են իմ աշակերտները, ամբողջ քաղաքում նրանց հատը կա՞:

— Իհարկե, չկա...— պատասխանեց վարպետը ծաղրական եղանակով:— Այսպիսի աշակերտներ միայն դուք կարող եք կրթել։

Պատվելին նրա խոսքերը ճշմարտի տեղ ընդունեց։

Մենք հեռացանք Սիմոն պատվելիի դպրոցից, տանելով մեզ հետ խիստ տխուր զգացմունքներ:

Տեր Թոդիկի դպրոցում հազար ու մեկ խստություններ, հազար ու մեկ կանոններ կային, բայց այդ բանը չկար, որ աշակերտների բերանը չափելով իմանային, թե արդյոք նրանք դրսում խոսո՞ւմ են, թե ոչ:

Երբ դուրս եկանք փողոցը, վարպետ Փանոսը ասաց Ասլանին։

— Եթե գիտենայիք, թե ո՛րքան աշխատել եմ, ո՛րքան չարչարվել եմ ես, որ մի կերպով այդ անպիտանին հեռացնեմ այդ դպրոցից, բայց հնար չի եղել։

— Ինչո՞ւ,— հարցրեց Ասլանը։

— Նա մի քանի հզոր պաշտպաններ ունի, ինչպես նահանգապետ փաշան և սրբազան առաջնորդը: