Էջ:Raffi, Collected works, vol. 5 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/470

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կատարների վրա։ Այստեղ այրվում էին նրանց ձագուկները... Ձնային սպիտակ պատառները, խառնվելով այդ սպիտակ թռչունների մրրիկի հետ, հրեղեն լուսավորության մեջ, ներկայացնում էին մի տխուր, սրտաշարժ տեսարան։

Կրակը վրդովեցրեց ախոռատան նժույգների հանգստությունը, որոնք խրտնած, կապակոտոր եղած, դուրս նետվեցան կիսավառ դռներից, և կատաղաբար վազվզում էին ամրոցի շուրջը, ձյունային փոշիների մեջ։ Հմուտ ձիապանների ձեռքի տակ սնված, փայփայված անասունների՝ որի գեղեցիկ բաշն էր խանձված, որի թավամազ ագին էր այրված, որը, օրհասական տագնապի մեջ, դողդողում էր, ընկնում էր, թաղվում էր ձնային խորության մեջ։

Կրակը դուրս քշեց որսորդական շների, բարակների բազմությունը, որոնք արծաթյա վզկապներով, նախշուն, մահուդյա ջուլերով, մոլորված, շվարած, չգիտեին, թե որ կողմը փախչեն։ Անտեր, անօգնական թափառում էին տիրոջ սիրելիները և իրանց տխուր, մահագուշակ վայուններով հնչեցնում էին ամրոցի շրջակայքը։

Կրակը դուրս քշեց և հարեմի փափկասուն գեղեցկուհիներին, որոնք դուրս թռչելով մետաքսյա անկողիններից, կիսամերկ, հերարձակ, բոբիկ ոտներով վազվզում էին ձյուների մեջ և թաքչելու տեղ էին գտնում։ Նրանց լացն ու կոծը, ճիչն ու աղաղակը խլանում էին ամրոցի կործանվող կամարների դղրդյունի մեջ։ Սևամորթ ներքինիները, շվարած, շփոթված, չգիտեին՝ իրանց գլուխը ազատեն թե իրանց խանումների պաշտպանությանը դիմեն։

Այդ բոլորը կատարվում էր հրդեհի լուսավորության մեջ, բոցերի և կայծերի փայլատկության մեջ։

Կրակը մի հսկա վիշապի նման լափում էր ամրոցի զարդարանքները, և ինչ որ չէր կարողանում կլանել, դուրս էր ժայթքում։ Դրսում, հուսահաստ անկարգության մեջ, խառնված էին միմյանց հետ ամրոցի շարժական հարստությունները՝ ձիաներ, որսորդական շները, հարեմի գեղեցկուհիները, սևամորթ ներքինիները,— իսկ ներսում, ինչ որ փախչել չէր կարող, այրվում էր...։ Այրվում է մետաքսը, այրվում էր շալը, այրվում էին արծաթն ու ոսկին...

Երբեմն լսվում էին խուլ նետումներ, և քամին բերում էր վառոդի անախորժ հոտը... երբեմն հրեղեն լուսավորության մեջ երերով