Էջ:Raffi, Collected works, vol. 5 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/474

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Ինչո՞ւ եմ փչացնում, երեկ այն կեռասենին ես կապեցի, փչացա՞վ։

Նա սկսեց կապել պատվաստի վերքը. փոքրիկ մատիկները արագությամբ գործում էին, իսկ անհանգիստ լեզուն խոսում էր։

— Գիտես մայրիկը ճաշի համար ի՞նչ է պատրաստում։

— Ի՞նչ է պատրաստում։

— Շատ ու շատ բան է պատրաստում,— տասն տեսակ, ասում է, այսօր Արփիարը ու Հյուբբին պետք է գան Մուշից։ Արշակին էլ կբերե՞ն, հայրիկ։

— Կբերեն։

— Ես Արշակին շատ եմ սիրում, Հյուբբիին էլ եմ սիրում, Արփիարին էլ եմ սիրում, բայց Արշակին շատ եմ սիրում։— Հիմա Արշակը մեծացած կլինի, հայրի'կ, հիմա' խոսելիս կլինի... Ա՜խ, որքան ժամանակ է չեմ տեսել Արշակին... տասն ամիս կլինի։

— Տասն ամիս ո՞րտեղից կլինի,— նկատեց հայրը,— զատկին մեր տանը չէի՞ն։

Այդ միջոցին պարտեզի ցանկապատի մոտով անցնում էր մի սիրուն տղա, որ Աշխենից երկու տարով հազիվ մեծ կլիներ։ Գրքերը թևքի տակին, գնում էր նա դեպի գյուղական ուսումնարանը։ Տեսնելով քրոջը, մոտեցավ և ցանկապատի ետևից ասաց.

— Աշխեն, ինչո՛՛ւ չես գնացել ուսումնարան։

Աշխենը փոքրիկ ձեռքը տարավ դեպի թշերի վրա կապած սսլիտակ թաշկինակը, պատասխանելով.

— Չե՞ս տեսնում, ի՞նչպես գնամ։

— Ծո՛ւյլ,— ծաղրելով նկատեց եղբայրը,— ամեն օր երեսդ կապում ես, թե ատամս է ցավում... քո ատամի ցավը չպրծավ...

Աշխենը չհամբերեց եղբոր կծու նկատողությանը, այլ երկու ձեռքերը բարձրացնելով, և բոլոր մատներր բաց անելով, ասաց.

— Դու գնա՜, գիտեմ, որ դասերդ չես սովորել... որքան զրո ես ստանալու, տասն զրո, տեսնում ես...

Եղբայրը ետ չնայեց և հեռացավ։

Հայրը սկսեց ժպտալ իր զավակների վրա։

— Արամ,— ձայն տվեց նրա ետևից,— վարժապետիդ ասա, որ ճաշին մեզ մոտ լինի։ Ասա, ռր Արփիարը այսօր գալու է Մուշից։

Աշխենը սկսեց ինքն իրան մրթմրթալ։

— Տասն օր է, որ ատամս ցավում է... Նա ասում է, որ սուտ եմ երեսս կապել...